Ես երանի կտամ այն պահին, երբ Հայաստանի երեք նախկին նախագահները (նկատի ունի Հայաստանի առաջին երեք նախագահներին՝ Լեւոն Տեր-Պետրոսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Սերժ Սարգսյան-խմբ․) կհայտնվեն մեկ հարթակի վրա։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

Նա մատնանշեց նման հասարակական պահանջ ձեւավորելու անհրաժեշտությունը։ Աշոտյանը նշեց, որ մարդիկ  ընդդիմությունից առաջնորդի անուն են ակնկալում։

Ընդդիմադիրն ընդգծեց ամբիցիաները մի կողմ դնելու, ժողովրդին համախմբելու եւ առաջնորդի անուն ասելու անհրաժեշտությունը, մանավանդ որ ընդդիմությունը շատ ավելի հզոր կադրային պոտենցիալ ունի, քան իշխանությունը։

«Մենք պետք է վճռականություն եւ քաջություն ցուցաբերենք։ Մեխանիզմների շուրջ քննարկումները շարունակվում են։ Կոչ եմ անում ընդդիմությանը խուսափել ներքին քաշքշուկների սանձազերծման գործընթացից։ Բոլորին է հայտնի, որ Փաշինյանի  վարկանիշը շատ ցածր է։ Բայց նաեւ քաղաքական տեխնոլոգիաների մոբիլիզացման կարիք կա»,-ասաց ՀՀԿ փոխնախագահը։

Աշոտյանն ասաց, որ նախաձեռնություններ են սպասվում մինչեւ ամառվա վերջ կամ աշնան սկիզբ, եւ ՀՀԿ-ի պատրաստակամությունը հայտնեց կանգնել այն ուժերի եւ մարդկանց կողքին, որոնք ցանկանում են հասնել իշխանության հրաժարականին։