Ռուսաստան Թուրքիայի արտահանումը վերջին երեք ամիսների ընթացքում 46 տոկոսով աճել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, քանի որ Անկարան թույլ է տվել իր ընկերություններին լրացնել արեւմտյան բիզնեսների արտահոսքի հետեւանքով առաջացած տեղը, գրում է FT-ն։

Ըստ արտահանման տվյալների՝ մայիսից հուլիս ընկած ժամանակահատվածում Ռուսաստան թուրքական արտահանումը կազմել է 2,04 միլիարդ դոլար՝ 642 միլիոն դոլարով ավելի 2021 թվականի նույն ամիսների համեմատ։ Միայն վերջին ամսում դեպի Ռուսաստան արտահանման արժեքը տարեկան կտրվածքով աճել է 75 տոկոսով՝ 2021 թվականի հուլիսի 417 մլն դոլարից հասնելով 730 մլն դոլարի։

2021 թվականի հուլիսից մինչեւ 2022 թվականի հուլիսը 313 միլիոն դոլարով աճն ամենամեծն է եղել ցանկացած երկրի համար, ուր Թուրքիան արտահանում է։ Ռուսաստանի մասնաբաժինը Թուրքիայի ընդհանուր արտահանման մեջ հուլիսին կազմել է 3,9 տոկոս՝ 12 ամիս առաջվա 2,6 տոկոսի դիմաց։

Աճը հետեւել է նախնական անկմանը ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո: Թեեւ ընդհանուր գումարները մնում են համեմատաբար փոքր եւ աննշան են թվում՝ համեմատած Ռուսաստանից թուրքական էներգիայի մեծ ներմուծման հետ, երկու երկրների միջեւ աճող առեւտրի ապացույցները, հավանաբար, կզայրացնեն արեւմտյան պաշտոնյաներին, որոնք անհանգստացած են Անկարայի եւ Մոսկվայի միջեւ տնտեսական համագործակցության խորացման մասին խոսակցություններից:

Թուրքիայի արտահանողների ասամբլեայի տվյալները ցույց են տալիս, որ քիմիական նյութերի, թարմ մրգերի եւ բանջարեղենի ու այլ պարենային ապրանքների, տեքստիլի, էլեկտրական ապրանքների եւ կահույքի վաճառքները հանգեցրել են դեպի Ռուսաստան արտահանման աճի։

Այս ամիս Ռուսաստանի Սոչի հանգստավայրում նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի եւ Վլադիմիր Պուտինի չորս ժամ տեւած հանդիպումը ավարտվեց էներգետիկ եւ առեւտրային համագործակցությունն ընդլայնելու համատեղ խոստմամբ, ինչը պատճառ դարձավ արեւմտյան մայրաքաղաքների նախազգուշացումներին այն մասին, որ Թուրքիան կարող է պատասխան քայլերի ենթարկվել, եթե նա գործի որպես խողովակ պատժամիջոցները շրջանցելու համար։

Արեւմտյան պաշտոնյաներն ընդհանուր առմամբ համաձայնել են, որ Անկարան քայլեր չի ձեռնարկի Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով Պուտինին պատժելու համար։ Այնուամենայնիվ, ԵՄ անդամ երկրներն ավելի ու ավելի են անհանգստանում Ռուսաստանի հետ Թուրքիայի աճող առեւտրից եւ նրանից, թե ինչպես դա կարող է օգնել Մոսկվային փոխարինել եվրոպական ներմուծումն ու արտահանումը, Financial Times-ին ասել են ԵՄ երկու պաշտոնյաներ: Արեւմտյան որոշ մայրաքաղաքներ Անկարայից տեղեկություն են խնդրել Կրեմլի հետ հարաբերությունների մասին: «Սա լավ չէ եւ լավ չի ընդունվում ԵՄ-ի կողմից: Դա գրգռիչ է»:

Թուրքիայի առեւտրի նախարարության ներկայացուցիչը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ առեւտրի ծավալը «չնչին է»։

Համեմատաբար էժան թուրքական արտադրանքը նպաստել է արտահանման վաճառքի խթանմանը: Արժեքային առումով, անցյալ ամսվա արտահանումը 13 տոկոսով ավելի է եղել, քան 2021 թվականի հուլիսին, իսկ ԱՄՆ-ի վաճառքները աճել են 25 տոկոսով՝ հասնելով 1,32 մլրդ դոլարի, հայտնել է առեւտրի նախարարությունը:

Թուրք պաշտոնյաները ողջունում են Ռուսաստանի հետ առեւտրային կապերի աճը։ Տրանսպորտի նախարար Ադիլ Կարաիսմայիլօղլուն թվիթերյան իր էջում գրել է, որ Ռուսաստանի հետ ծովային ճանապարհով ավտոմեքենաների առեւտրի 58 տոկոս աճը տարվա առաջին չորս ամիսների համեմատությամբ վկայում է Թուրքիայի «առաջնորդության» մասին։

Արեւմտյան մի քանի պաշտոնյաներ նույնպես անհանգստություն են հայտնել, որ Անկարան Ռուսաստանից արեւմտյան ընկերությունների արտահոսքը դիտարկում է որպես թուրքական բիզնեսի հնարավորություն:

«Այն ժամանակ, երբ Եվրոպական համայնքը խզում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ՝ ի պատասխան Ուկրաինայի դեմ իր ագրեսիայի, լիովին տեղին չէ ընդլայնել հարաբերությունները կամ ներգրավվածությունը Մոսկվայի հետ»,- ասել է ԵՄ արտաքին քաղաքականության եւ դիվանագիտության խոսնակ Պիտեր Ստանոն։

Սակայն Թուրքիայի դեմ հնարավոր գործողությունները բարդանում են ՆԱՏՕ-ի հզոր եւ ազդեցիկ անդամի դերով եւ մոտ 4 միլիոն սիրիացի փախստականների ընդունելու հարցում:

Արեւմտյան պաշտոնյաներն ընդունում են, որ Պուտինի հետ բանակցելու Էրդողանի կարողությունը մնում է որպես առավելություն, ինչի մասին վկայում է վերջերս կնքված գործարքը, որը թույլ է տալիս Ուկրաինային վերսկսել ծովային հացահատիկի արտահանումը, որը միջնորդել է Թուրքիայի նախագահը՝ ՄԱԿ-ի հետ համատեղ:

«Սա Թուրքիան է, նա բոլորին [ԵՄ-ում] պետք է այս կամ այն պատճառով»,- ասել է եվրոպացի պաշտոնյան: «Եվ ԵՄ-ն պետք է տեղյակ լինի իր հնարավորությունների մասին։ Մենք չենք կարող պարզապես ասել [Էրդողանին], որ նա պետք է հետեւի մեր կանոններին»: