Ջանկոյում ռազմական նշանակության պահեստը վնասվել է դիվերսիայի պատճառով, լրագրողներին հայտնել են ՌԴ պաշտպանության նախարարությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Օգոստոսի 16-ի առավոտյան դիվերսիոն գործողությունների հետեւանքով վնասվել է Ջանկո գյուղի մոտ գտնվող ռազմական նշանակության պահեստը։

Ինչպես պարզաբանել են ռազմական գերատեսչությունում, արդյունքում վնաս է հասցվել քաղաքացիական օբյեկտներին, այդ թվում՝ էլեկտրահաղորդման գծերին, էլեկտրակայանին, երկաթուղային գծերին, բնակելի շենքերին։ Լուրջ տուժածներ չկան։ Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ դիվերսիայի հետեւանքները վերացնելու ուղղությամբ։

Ավելի վաղ Պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Մոսկվայի ժամանակով մոտ 06:15-ին Մայսկոյե բնակավայրում (Ղրիմի Ջանկոյսկի շրջան) հրդեհ է բռնկվել զորամասերից մեկի զինամթերքի ժամանակավոր պահեստավորման համար նախատեսված փակ տարածքում։ Հրդեհի հետեւանքով պայթել է պահեստավորված զինամթերքը։ Հաղորդվում է նաեւ երկու տուժածի մասին։ Ղրիմի առողջապահության նախարար Կոնստանտին Սկորուպսկին հայտնել է, որ նրանցից մեկին վիրահատել են, եւ նրա վիճակը գնահատվում է միջին ծանր, նա ոտքի բեկորային վնասվածք ունի։ Երկրորդին ամբուլատոր բուժօգնություն ցուցաբերելուց հետո տուն են թողել։