Շվեյցարիան պայմանագիր է ստորագրել Ուզբեկստանի հետ՝ Ուզբեկստանի նախկին նախագահ Իսլամ Քարիմովի ավագ դստեր դեմ փողերի լվացման հետաքննության շրջանակներում առգրավված 131 միլիոն դոլարը վերադարձնելու մասին, հայտնում է AP-ն։

Կառավարության հայտարարության մեջ ասվում է, որ գործարքի շրջանակներում Գյուլնարա Քարիմովայից 2012 թվականին շվեյցարական հաշիվներից բռնագրավված միջոցները կփոխանցվեն ՄԱԿ-ին եւ կօգտագործվեն «ի շահ Ուզբեկստանի ժողովրդի»:

Ըստ համաձայնագրի՝ լրացուցիչ ակտիվները, որոնք կարող են առգրավվել Քարիմովայից՝ Շվեյցարիայում շարունակվող քրեական գործի շրջանակներում, նույնպես կուղղվեն ՄԱԿ-ի հավատարմագրային հիմնադրամին:

Քարիմովային կասկածում են արտասահմանյան հեռահաղորդակցության ընկերություններից խոշոր գումարներ ստանալու մեջ, սակայն նա հերքում է իր մեղքը։ 2014 թվականին նա տնային կալանքի է ենթարկվել Ուզբեկստանում։

Իսլամ Քարիմովը Ուզբեկստանի նախագահն է եղել 1991 թվականից մինչեւ իր մահը՝ 2016 թվականը։