Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը օգոստոսի 16-ին ստորագրել է հրամանագիր, ըստ որի՝ Արցախի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Սուրմալու» առևտրի կենտրոնում («Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածք) տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց, NEWS.am-ին տեղեկացնում են ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Արցախի Հանրապետության պետական բոլոր գերատեսչությունների և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին հանձնարարվել է Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում Արցախի Հանրապետության ներկայացուցչություններում սգո օրերին խոնարհել Արցախի Հանրապետության պետական դրոշը:

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր էր ստորագրել Հայաստանում երկօրյա սուգ հայտարարվելու մասին։ 

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունից հետևանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 2 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: Փլատակների տակից նաև 21 ավտոմեքենա է դուրս բերվել։