Լեհաստանում սկանդալ է ծագել միջնակարգ դպրոցների պատմության դասագրքի շուրջ։ Մասնավորապես, սկանդալի պատճառ է դարձել հեղինակի տեսակետը սեքսուալության եւ ծննդաբերության ժամանակակից մոտեցումների վերաբերյալ։ Այս հատվածը կարծես թե անորոշ պատկերացում է տալիս արտամարմնային բեղմնավորման մասին՝ առանց տերմինի օգտագործման:

«Սեքսը սիրուց եւ պտղաբերությունից տարանջատելու ավելի ու ավելի բարդ մեթոդները հանգեցնում են նրան, որ սեքսը դիտվում է որպես զվարճանք, իսկ պտղաբերությունը՝ որպես մարդկային աշխատանքի արդյունք, կարելի է ասել՝ բազմացում: Սա հիմնարար հարց է առաջացնում՝ ո՞վ կսիրի այս ձեւով ստեղծված երեխաներին»,- գրված է դասագրքում:

Կենտրոնամետ ընդդիմադիր «Քաղաքացիական պլատֆորմ» կուսակցության առաջնորդ Դոնալդ Տուսկը քննադատել է ինչպես դասագիրքը, այնպես էլ կրթության նախարար Պրեմիսլավ Չարնեկին եւ կառավարության մյուս անդամներին, գրում է AFP-ն։

Լեհաստանի կրթության նախարարությունը հերքում է, որ բաժինը նվիրված է ԱՄԲ-ին։ Չարնեկը սպառնացել է դատի տալ Տուսկին զրպարտության համար, եթե Լեհաստանի նախկին վարչապետը եւ Եվրամիության նախկին բարձրաստիճան պաշտոնյան ներողություն չխնդրի:

Չարնեկը պնդում է, որ ոչ ինքը, ոչ նախարարությունը դասագրքերի հեղինակը կամ հրատարակիչը չեն, եւ դրանցում չի ասվում, թե ոչ ոք չի սիրում ԱՄԲ-ի օգնությամբ բեղմնավորված երեխաներին։

Կրթության նախարարությունը, արձագանքելով Տուսկի հայտարարությանը, ասել է, որ միայն «հիվանդ ու ատելությունից խելագարված» միտքը կարող է հատվածը այդ կերպ մեկնաբանել։

Բազմաթիվ լեհերի վրդովմունքի ֆոնին, ԱՄԲ-ով ծնված դստեր հայրը առցանց միջնորդություն է ներկայացրել՝ խնդրելով 30 000 զլոտի (6500 դոլար) հավաքել դատական ծախսերի համար՝ կապված Չարնեկի դեմ հայցի եւ դասագրքի տարածումն արգելափակելու հետ: Արդեն ավելի քան 280 000 զլոտի (60 000 ԱՄՆ դոլար) է հավաքվել: