Իսպանիայում անցորդները փրկել են տեղի բնակչուհուն, ում շատրվանում փորձում էր խեղդել 52-ամյա մի տղամարդ, հայտնում է The Sun պարբերականը։

Միջադեպը տեղի է ունեցել Վալենսիա քաղաքում։ Գինովցած իսպանացին մի կնոջ հետ լողում էր շատրվանում. որոշ ժամանակ անց նրանց մի երիտասարդ է մոտեցել եւ առաջարկել է նկարվել, սակայն երբ ստացել է հեռախոսը, փախել է, ինչից հետո տղամարդը որոշել է, որ իր ընկերուհին գողության հանցակից է, եւ փորձել է խեղդել նրան շատրվանում։ Տեսանյութի կադրերում, որը նկարահանել են անցորդները, երեւում է, թե ինչպես է տղամարդը բռնում կնոջ մազերից ու գլխով մտցնում ջրի մեջ։

Ականատեսները խնդրել են տղամարդուն բաց թողնել տուժածին, սակայն նա անտեսել է խնդրանքը եւ շարունակել է խեղդել ընկերուհուն: Դրանից հետո երկու տղամարդ ցատկել են շատրվանի մեջ. նրանցից մեկը սկսել է խեղդել հարձակվողին, իսկ երկրորդը՝ հարվածել։ Ազատվելով՝ կինը, միայն ներքնազգեստ հագած, դուրս է եկել ջրից։

Մի քանի րոպե անց դեպքի վայր են ժամանել շտապօգնության աշխատակիցները, ովքեր տուժածներին տեղափոխել են հիվանդանոց։ Տղամարդը հոնքի եւ այտի կտրվածք է ստացել, իսկ կինը՝ կապտուկներ հարվածներից։

Տղամարդը, ով փորձել էր խեղդել իսպանուհուն, քրեական պատասխանատվության կենթարկվի սպանության փորձի համար։