ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն այսօր՝ օգոստոսի 17-ին, ԱՀ –ում հայտարարված սգո օրերի կապակցությամբ  հանդիպում է ունեցել խորհրդարանականների և աշխատակազմի անձնակազմի հետ։

Արցախի Ազգային ժողովի նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ժամանակ խորհրդարանի ղեկավարը խոսել է մեր ժողովրդին բաժին հասած փորձություններից, անդրադարձել  օրերս Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած ողբերգական պատահարին։

«Պատմության քառուղիներում մաքառած հայ ժողովուրդը բազմիցս ենթարկվել է փորձությունների, կրել զրկանքներ, ապրել ողբերգություններ։

Արցախյան երեք պատերազմներում թրծված հայ ժողովուրդը այսօր ապրում է նոր համազգային ցավ ու կսկիծ։

Դեռևս չեն սպիացել 1988-ի դեկտեմբերի 7-ին Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի հետևանքով առաջացած վերքերը։

2022թ օգոստոսի 14-ին Երևանի «Սուրմալու» առևտրի կենտորնում  տեղի ունեցած դժբախտ պատահարը խորացրեց հայ ազգի մշտապես մրմռացող ցավը։ Հերթական համազգային  ողբերգությունը, ասես, 88-ի աղետալի դեպքերի շարունակությունն էր»,- իր խոսքում ասել է Արթուր Թովմասյանը։

Հաջորդիվ խորհրդարանի ղեկավարը ներկայացրել է ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի օգոստոսի 16-ին ստորագրած հրամանագիրը, ըստ որի՝ ԱՀ –ում 2022թ օգոստոսի 17- 18-ը ներառյալ հայտարարվել է սուգ՝ ի հիշատակ 2022թ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված անձանց։

Արթուր Թովասյանը  անդրադարձել է նաև «Արցախի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածին, համաձայն որի Արցախի Հանրապետության  դրոշը իջեցվում է պաշտոնապես հայտարարված սգո օրերին կամ սգո արարողությունների ժամանակ՝ մինչև դրոշաձողի մեջտեղը։ Դրոշի վերևի մասում ամրացվում է սև ժապավեն, որի երկարությունը հավասարեցվում է դրոշի երկարությանը, իսկ  «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքի 28-րդ հոդվածի համաձայն՝ պետության կողմից հայտարարված սգո օրերին գովազդի և զվարճալի հաղորդումների հեռարձակումն արգելվում է։

Ազգային ժողովի  նախագահի ելույթն ամփոփվել է ՀՀ խորհրդարանականներին ուղղված ցավակցական հեռագրով, որում մասնավորապես ասված է․

 «Հայաստանի Հանրապետության  Ազգային ժողովի մեծարգո´ նախագահ պարոն Սիմոնյան,

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի  հարգարժա´ն փոխնախագահներ, խմբակցությունների ղեկավարներ և քարտուղարներ, մշտական հանձնաժողովների նախագահներ և փոխնախագահներ, պատգամավորներ

Խորապես ցավակցում և մեր զորակցություն ենք հայտնում 2022թ․ օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ –ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհվածների ընտանիքներին և հարազատներին, կիսում կորստյան ծանր վիշտը, իսկ տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։

Կիսում ենք  համահայկական ողբերգության ցավը և հավաստիացնում, որ Արցախի իշխանություններն ու արցախահայությունը մշտապես  կանգնած են  ձեր կողքին»։

Այնուհետև ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին  Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում զոհված անմեղ  նահատակների հիշատակը։