Այս տարվա մայիսին Քեյփթաունի (ՀԱՀ) մոտ գտնվող Կոմեջի լողափին հայտնաբերվել էր սատկած հսկա կաղամար, որը վախեցրել էր տեղի բնակիչներին ու հետաքրքրել գիտնականներին։ Օգոստոսի 16-ին այստեղ հայտնաբերվել է հերթական հսկա սատկած կաղամարը, գրում է Popular Mechanics-ը։

Հսկա կաղամարները Architeuthidae ընտանիքի գլխոտանի կակղամորթներ են են, որոնք կարող են շատ մեծ չափերի հասնել: Կան վկայություններ, որ ծովի խորքերում ապրող այս հսկաների երկարությունը հասնում է 12-13 մետրի:

Երբ ջուրն ափ է նետում հսկա կաղամարի մարմին, դա միշտ անհավատալի տեսարան է: Մայիսին, երբ Կոմեջիի լողափին նկատել էին սատկած կենդանուն, տեղացիներն արագ մասնատել էին մարմինը՝ որպես հուշանվերներ․ մեկին հսկայական կտուցն էր հասել, մյուսներին՝ շոշափուկներն ու աչքերը: Ըստ ամենայնի, այդ հսկա կաղամարը դժբախտ պատահարի զոհ է դարձել. նա մահացու վնասվածքներ է ստացել մոտորանավակի պտուտակից։

Այս անգամ կաղամարի մարմինը գրեթե ամբողջական է նետվել լողափ, սակայն երբ դեպքի վայր են ժամանել Հարավային Աֆրիկայի Իզիկո թանգարանի ներկայացուցիչները, պարզվել է, որ ինչ-որ մեկը կտրել է սատկած կաղամարի կտուցը։ Մասնագետները վրդովվել են այս փաստից, սակայն նրանք, այնուամենայնիվ, ստացել են կենսաբանական նմուշներ՝ գենետիկական հետազոտությունների համար։