«Սուրմալու» առեւտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհված 57-ամյա Գայանե Ավետիսյանն իր հարեւանուհու՝ 52-ամյա Անահիտ Խալաթյանի հետ գնացել էր թոռնիկների համար գնումներ անելու։ Անահիտը եւ Գայանեն հարեւաններ էին, ապրում էին նույն շենքի տարբեր հարկերում։

NEWS.am–ին հարեւանները պատմել են, որ Անահիտ Խալաթյանը եւ Գայանե Ավետիսյանն աշխատում էին հիվանդանոցում։ Նրանք երկուսն էլ 2 երեխա ունեին։ Անահիտ Խալաթյանը մեկ թոռնիկ ունի, սպասում էր երկրորդի ծննդին։ «Նրանք նաեւ բարեկամական կապեր ունեին՝ իրար քավոր-սանիկ էին։ Երկուսն էլ շատ լավ կանայք էին, արտակարգ ընտանիք ունեին, դաստիարակված որդիներ։ Անահիտի որդիներից մեկն ապրում է Ռուսաստանի Դաշնությունում։  Անահիտը գնացել էր իր նոր ծնվող թոռնիկի համար գնումներ կատարելու, որ որոշ ժամանակ անց մեկներ նրանց մոտ»,- պատմեց նա։ 

Հարեւանները պատմեցին, որ Գայանե Ավետիսյանը ունի 4 թոռնիկ:

Անահիտ Խալաթյանի  հոգեհանգիստը  տեղի է ունեցել այսօր, իսկ Գայանե Ավետիսյանին  հուղարկավորել են երեկ: 

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի ունեցած պայթյունի հետեւանքով օգոստոսի 17–ին ժամը 10.00–ի դրությամբ կա 16 զոհ։ Զոհվածներից 15–ի ինքնությունը պարզվել է։ 2 անձ որոնվում է։ Պայթյունի հետեւանքով տուժել է 61 քաղաքացի, բուժումը հիվանդանոցներում շարունակում է ստանալ 7 քաղաքացի: Նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար։