Մինչ հանգստացողները վայելում են Միջերկրական ծովի ամառային ջերմությունը, կլիմայագետները զգուշացնում են շոգի սարսափելի հետեւանքների մասին նրա ծովային կյանքի վրա, հայտնում է AP-ն:

Գիտնականներն ասում են, որ Բարսելոնայից մինչեւ Թել Ավիվ իրենք ականատես են լինում տարվա այս եղանակի համար նորմայից 3-5 C աստիճանով բարձր տատանումների: Որոշ օրերին ջրի ջերմաստիճանը պարբերաբար գերազանցում է 30 C-ը։

Եվրոպայում եւ միջերկրածովյան այլ երկրներում արտակարգ շոգը հայտնվել է այս ամառվա գլխավոր լուրերի վերնագրերում, սակայն ծովի ջերմաստիճանի բարձրացումը հիմնականում տեսադաշտից եւ ուշադրությունից դուրս է մնացել:

Ծովային ջերմային ալիքներն առաջանում են այն պատճառով, որ օվկիանոսի հոսանքները տաք ջրի հատվածներ են ստեղծում: Ինչպես իրենց ցամաքային անալոգները, ծովային ջերմային ալիքներն ավելի երկար են, հաճախակի եւ ավելի ինտենսիվ՝ մարդու պատճառով կլիմայի փոփոխության հետեւանքով:

Իրավիճակը «շատ տագնապալի է», ասում է Բարսելոնայի ծովային գիտությունների ինստիտուտի հետազոտող Խոակիմ Գարաբուն: «Մենք պետք է հնարավորինս շուտ միջոցներ ձեռնարկենք կլիմայական խնդիրների վերաբերյալ»:

Գարաբուն այն թիմի անդամ է, որը վերջերս զեկույց է հրապարակել 2015-2019 թվականներին Միջերկրական ծովում ջերմային ալիքների մասին: Զեկույցում ասվում է, որ այս երեւույթները հանգեցրել են ծովային տեսակների «զանգվածային մահացության»։

Համաձայն Global Change Biology ամսագրում հրապարակված հետազոտության՝ Միջերկրական ծովի ափի հազարավոր կիլոմետրերի վրա տուժել են մոտ 50 տեսակներ, այդ թվում՝ մարջաններ, սպունգեր եւ ջրիմուռներ:

Իրավիճակը հատկապես ծանր է Միջերկրական ծովի արեւելյան ավազանում։

Իսրայելի, Կիպրոսի, Լիբանանի եւ Սիրիայի ափերի ջրերը, անկասկած, «Միջերկրական ծովի ամենաթեժ կետն են»,- ասել է Իսրայելի օվկիանոսագիտական եւ լիմնոլոգիական հետազոտությունների ինստիտուտի ծովային կենսաբան եւ հոդվածի համահեղինակ Գիլ Ռիլովը: Ամռանը ծովի միջին ջերմաստիճանն այժմ կայուն 31 C-ից բարձր է:

Ծովերի այս տաքացումը շատ տեղական տեսակների է դնում եզրագծին, «քանի որ ամեն ամառ դրանց օպտիմալ ջերմաստիճանը բարձրանում է»:

Ինչ որ նա եւ իր գործընկերները տեսնում են կենսաբազմազանության կորստի առումով, այն է, ինչ կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին տեղի կունենա Միջերկրական ծովում ավելի արեւմուտք՝ Հունաստանի, Իտալիայի եւ Իսպանիայի ուղղությամբ:

Գարաբուն նշում է, որ ծովերը ծառայում են մոլորակին՝ կլանելով Երկրի ավելորդ ջերմության 90 տոկոսը եւ ածխաթթու գազի 30 տոկոսը, որն արտանետվում է մթնոլորտ՝ ածխի, նավթի եւ գազի արդյունահանման ժամանակ։ Ածխածնի կլանման այս էֆեկտը պաշտպանում է մոլորակը էլ ավելի ծանր կլիմայական ազդեցություններից:

Գարաբուի խոսքով՝ դա հնարավոր է դարձել, քանի որ օվկիանոսներն ու ծովերը գտնվել են առողջ վիճակում։ «Բայց այժմ մենք օվկիանոսը հասցրել ենք անառողջ եւ անգործունակ վիճակի»,- ասել է նա:

Թեեւ Երկրի ջերմոցային գազերի արտանետումները պետք է կտրուկ նվազեն՝ ծովի տաքացումը դադարեցնելու համար, օվկիանոսագետները կարծում են, որ իշխանությունները պետք է ապահովեն, որ ծովային տարածքների 30 տոկոսը պաշտպանված լինի մարդու գործունեությունից, ինչպիսին է ձկնորսությունը, ինչը տեսակներին ապաքինվելու ու բարգավաճելու հնարավորություն կտա։ Ներկայումս Միջերկրական ծովի տարածքի մոտ 8 տոկոսը պահպանվում է։

Գարաբուն եւ Ռիլովն ասել են, որ քաղաքական գործիչները հիմնականում տեղյակ չեն Միջերկրական ծովի տաքացման եւ դրա ազդեցության մասին: «Որպես գիտնականներ՝ մեր աշխատանքը այս մասին նրանց տեղեկացնելն է, որպեսզի նրանք մտածեն դրա մասին»,- ասել է Ռիլովը:

Ծովի ջերմային ալիքները կարող են նաեւ լուրջ հետեւանքներ ունենալ Միջերկրական ծովի սահմանակից երկրների եւ այնտեղ ապրող ավելի քան 500 միլիոն մարդկանց համար, եթե դրանց հարցը շուտով չլուծվի, ասում են գիտնականները: Ձկան պաշարները կսպառվեն, իսկ զբոսաշրջությունը կտուժի, քանի որ ավերիչ փոթորիկները կարող են հաճախակի դառնալ ցամաքում:

Չնայած համաշխարհային օվկիանոսի մակերեւույթի 1 տոկոսից պակաս տարածքին, Միջերկրական ծովը ծովային կենսաբազմազանության հիմնական ջրամբարներից մեկն է, որում ապրում է աշխարհում հայտնի ծովային տեսակների 4-18 տոկոսը:

Առավել տուժած տեսակներից մի քանիսը առանցքային դեր են խաղում ծովային կենսամիջավայրերի գործունեության եւ բազմազանության պահպանման գործում: Վտանգի տակ են հայտնվել այնպիսի տեսակներ, ինչպիսիք են Posidonia oceanica ջրիմուռներով տարածքները, որոնք կարող են կլանել հսկայական քանակությամբ ածխաթթու գազ եւ թաքցնել ծովային կյանքը, կամ մարջանի խութերը, որոնք նաեւ տուն են վայրի կենդանիների համար:

Գարաբուն ասում է, որ մահացության ազդեցությունը տեսակների վրա նկատվել է մակերեսի եւ 45 մետր խորության միջեւ, որտեղ ծովում գրանցված ջերմային ալիքները բացառիկ են եղել: Ջերմային ալիքները ազդել են Միջերկրական ծովի մակերեսի ավելի քան 90 տեսակի վրա։

Գիտական վերջին հետազոտությունների համաձայն՝ Միջերկրական ծովում ծովի մակերեսի ջերմաստիճանը բարձրացել է 0,4°C-ով։