Հնդկաստանում 2002 թվականին անկարգությունների ժամանակ հղի մահմեդական կնոջ խմբակային բռնաբարության համար ցմահ ազատազրկման դատապարտված տասնմեկ հնդիկներ ազատ են արձակվել, ինչը դատապարտման է արժանացել զոհի ամուսնու, իրավաբանների եւ քաղաքական գործիչների կողմից:

Տղամարդիկ դատապարտվել են 2008 թվականի սկզբին եւ արեւմտյան Գուջարաթ նահանգի Պանչմահալսայում բանտից ազատ արձակվել երկուշաբթի օրը, երբ Հնդկաստանը նշում էր բրիտանական տիրապետության ավարտի 75-ամյակը:

Գուջարաթում բռնաբարությունները, որ Հնդկաստանում կրոնական ամենասարսափելի հանցագործություններից են, հանգեցրել են ավելի քան 1000 մարդու մահվան, որոնց մեծ մասը մահմեդականներ են եղել: Գուջարաթը այն ժամանակ գլխավորում էր Հնդկաստանի ներկայիս վարչապետ Նարենդրա Մոդին՝ որպես գլխավոր նախարար, եւ մինչ օրս ղեկավարվում է նրա ազգայնական «Բհարաթիա Ջանատա» կուսակցության կողմից:

Բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ շրջանային բանտի խորհրդատվական կոմիտեն 11 բանտարկյալների բանտում անցկացրած ժամանակը եւ նրանց լավ վարքագիծը վերանայելուց հետո առաջարկել է ազատ արձակել նրանց: «Բանն այն է, որ նրանք մոտ 15 տարի անցկացրել են բանտում եւ ներման իրավունք ունեին»,- ասել է նա։

Հնդկաստանի օրենքները թույլ են տալիս դատապարտյալներին ազատ արձակել 14 տարվա ազատազրկումից հետո:

Զոհի ամուսինն ասել է, որ ինքը հիասթափված է, քանի որ անկարգությունների հետեւանքով զոհվել են նաեւ ընտանիքի շատ անդամներ:

Ընդդիմադիր քաղաքական գործիչները եւ իրավաբանները հայտարարել են, որ ազատ արձակումը հակասում է կառավարության հայտարարած քաղաքականությանը՝ աջակցելու կանանց մի երկրում, որը հայտնի է նրանց նկատմամբ բռնությամբ: «Պատժաչափը մեղմացնելը այնպիսի սարսափելի հանցագործություն կատարած դատապարտվածների համար, ինչպիսին են խմբակային բռնաբարությունն ու սպանությունը, բարոյական եւ էթիկական սխալ է,- ասել է ավագ իրավաբան Անանդ Յագնիկը,- Ի՞նչ ազդանշան ենք մենք փորձում ուղարկել»։