Գերմանիայում ներդրողների հոռետեսությունն օգոստոսին ավելի է խորացել, քանի որ ինֆլյացիայի աճը եւ ռուսական գազի մատակարարումների դանդաղեցման հետեւանքով պոտենցիալ էներգետիկ ճգնաժամի մտավախությունները սպառնում են Եվրոպայի ամենամեծ տնտեսության հեռանկարին, գրում է Investing.com-ը։

ZEW ինստիտուտի տնտեսական տրամադրությունների ցուցանիշը օգոստոսին իջել է մինչեւ -55,3՝ հուլիսի -53,8-ից: Սա ամենացածր ցուցանիշն է 2011 թվականից, երբ Եվրոպան մայրցամաքային պարտքային ճգնաժամի գագաթնակետին էր:

«Այդ պատճառով ֆինանսական շուկայի փորձագետները սպասում են Գերմանիայի առանց այն էլ թույլ տնտեսական աճի հետագա նվազում։ Գնաճի դեռեւս բարձր տեմպերը եւ ջեռուցման ու էներգիայի ակնկալվող լրացուցիչ ծախսերը հանգեցնում են սպառման մասնավոր հատվածի շահույթի ավելի ցածր ակնկալիքների»,- ասել է ZEW-ի ֆինանսական շուկաների հետազոտության բաժնի ղեկավար Մայքլ Շրյոդերը:

Գերմանիայում սպառողական գները հուլիսին աճել են 8,5 տոկոսով՝ եվրոգոտու մյուս երկրների համեմատ։ Գերմանիայի վիճակագրական վարչությունը նշում է էներգաիայի մատակարարումների խափանումները եւ մատակարարման շղթայում ձգձգումները, որոնք մասամբ կապված են Չինաստանում COVID-19-ի խիստ արգելափակումների հետ, որը գների բարձրացման հիմնական գործոնն է:

Աճում են նաեւ մտավախությունները, որ Գերմանիայի էներգետիկ խնդիրները կարող են սրվել: Քանի որ հիմնական գազատարը, որը ռուսական գազ է մատակարարում Եվրոպա, ներկայումս բեռնված է ընդամենը 20 տոկոսով, Գերմանիայի էներգետիկայի ոլորտի գլխավոր կարգավորիչը նախազգուշացրել է, որ ձեռնարկությունները եւ տնային տնտեսությունները ստիպված կլինեն այս ձմռանը մեկ հինգերորդով կրճատել վառելիքի սպառումը՝ մատակարարումների հնարավոր անբավարարությունից խուսափելու համար: