Հիվանդանոց տեղափոխվել է երկու փրկարար։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

«Մեկը՝ ոտքի վնասվածքով, մեկը՝ շատ ծխահարված։ Երկուսն էլ երկրորդ օրը դուրս են գրվել։ 7 փրկարար նշված օրն էր ծխահարվել»,- հայտնեց Փամբուխչյանը։

Նախարարը նշեց՝ քանի դեռ եռահարկ շենքը կանգուն է, այնտեղ վտանգավոր է քաղաքացիների  համար։

Նշենք, որ պայթյունի հետեւանքով զոհվել է 16 քաղաքացի, որոնց թվում՝ հղի կին եւ մանկահասակ երեխա։ Զոհված քաղաքացիներից մեկի ինքնությունը դեռեւս պարզված չէ։ Ինքնությունը պարզված քաղաքացիներն են՝ Միսակ Պատվականի Մարգարյան, ծնված 1964 թ․, Անահիտ Վազգենի Մխիթարյան, ծնված 1967 թ․, Ջեմմա Սարգսի Նազարյան, ծնված 1960 թ․, Անահիտ Զարզանդի Խալաթյան, Վարդան Գուրգենի Քոչարյան, ծնված 1960 թ․, Գայանե Արտավազդի Ավետիսյան, ծնված 1965 թ․, Արամ Կոմիսարի Հայրապետյան, ծնված 1980 թ․, Վաչագան Վահագնի Եղոյան, ծնված 2000 թ․, Էռնա Մանվելի Գրիգորյան, ծնված 1980 թ․, Հարություն Սամվելի Գարաքյան, ծնված 1987 թ․, Մարիամ Արմենի Խաչատրյան, ծնված 1992 թ․, Սիրարփի Արմենի Խաչատրյան, ծնված 1994 թ․, Մարատ Կարենի Շահբազյան, ծնված 2018 թ․, Հրաչյա Ֆանբերգի Սարգսյան, ծնված 1976 թ․, Արտավազդ Հայրապետյան, ծնված 1951 թ․։

Հիվանդանոցներ է դիմել 62 քաղաքացի, որոնցից 4-ը մինչեւ այս պահը շարունակում է բուժում ստանալ։

Պայթյունի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ ՔՕ 357-րդ հոդվածի 2-րդ մասի (Հրդեհային անվտանգության կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) եւ 358-րդ հոդվածի 2-րդ մասի (Դյուրավառ կամ այրիչ նյութերի պահպանման, հաշվառման, փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոնները կամ պահանջները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ կամ այլ ծանր հետեւանք) հատկանիշներով։