Էլեկտրական եւ սեղմող վզափոկերը, հավաքվող ժապավենները (рулетка), մանր մասերով աքսեսուարները եւ փրփուրի պոլիվինիքլորիդից խաղալիքները ամենավտանգավորն են համարվում շների համար։ Այս մասին Gazeta.Ru-ին հայտնել են Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայում։

Վզափոկի եւ ժապավենի միջեւ ընտրություն կատարելիս ավելի լավ է նախապատվությունը տալ թոկին։ «Ժապավենը անվտանգ չէ երեք պատճառով, նախ՝ եթե այն պատահաբար գցեք, կարող եք վնասել ձեր կենդանուն։ Երկրորդ, բարակ ժապավենը կամ մալուխը կարող է այրվածք կամ կտրվածք առաջացնել, եթե շունը կտրուկ ցնցվի եւ վազի, ընդ որում՝ տուժել կարող է ոչ միայն ընտանի կենդանին, այլեւ տերը: Եվ վերջապես, երրորդ՝ ժապավենը թույլ չի տալիս որոշ մանիպուլյացիաներ, որոնք պետք են տիրոջ մտադրություններն ու պահանջները շանը փոխանցելու համար»,- ասել են ֆեդերացիայում:

Կինոլոգների խոսքով՝ փրփուրի պոլիվինիքլորիդից խաղալիքների հյուսվածքն իդեալական է ծամելու համար, այդ իսկ պատճառով շները սիրում են նման խաղալիքներ, բայց դրանք կարող են թունավոր լինել: Ֆտալատները (քիմիկատներ, որոնք պլաստիկին առաձգականություն են տալիս) կենդանու օրգանիզմում մեծացնում են երիկամների, լյարդի եւ վերարտադրողական խնդիրների առաջացման վտանգը, նշում են մասնագետները։

«Շան համար շապիկներ կամ, օրինակ, մանր դետալներով զարդարված թիթեռներ գնելով՝ դուք վտանգի տակ եք դնում ձեր շանը,- շարունակում են կինոլոգները,- Բացի այն, որ նման աքսեսուարները գործնականում պրակտիկ օգուտ չեն բերում, կարող են շատ նյարդայնացնել եւ նույնիսկ շնչահեղձություն առաջացնել»:

Շների համար ամենավտանգավոր աքսեսուարների թվում են նաեւ էլեկտրական եւ սեղմող վզափոկերը։ «Շների անգրագետ տերերը հաճախ օգտագործում են էլեկտրական եւ սեղմող վզափոկեր՝ շան պահվածքը կառավարելու համար, բայց դա միայն խորացնում է խնդիրը: Մի օգտագործեք այդ գործիքները շներին հրահանգներ սովորեցնելու համար: Նման վզափոկերի օգտագործումը ոչ մի այլ պատճառ չունի, քան տերերի ծուլությունը»,- ասել է Ռուսաստանի կինոլոգիական ֆեդերացիայի նախագահ Վլադիմիր Գոլուբեւը:

Գոլուբեւի խոսքով՝ շներին անհրաժեշտ աքսեսուարները միայն սովորական վզափոկն ու վզակապն են։