«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքի կարգավորումներից բխում է, որ սննդամթերքի եւ ոչ պարենային ապրանքների եւ գյուղատնտեսական արտադրանքի եւ սննդամթերքի վաճառքը կարող է իրականացվել համապատասխան վայրերում՝ ՀՀ ֆինանսների նախարարությանը ծանուցելու եւ այլ պահանջների պահպանման դեպքում։ Միեւնույն ժամանակ, օրենքով նախատեսվում է նաեւ, որ բացօթյա առեւտրի առարկա կարող են լինել միայն ծաղիկները, տնկիները, ամանորյա տոնակատարությունների համար նախատեսված եղեւնիները եւ սոճիները, պաղպաղակը, ջուրը, այդ թվում` հանքային, հյութերը եւ զովացուցիչ ըմպելիքները։

«Առեւտրի եւ ծառայությունների մասին» օրենքով սահմանված է, թե բացօթյա հատվածներում ինչ տեսակի եւ որտեղ կարելի է առեւտուր իրականացնել, նաեւ թվարկված են ապրանքատեսակները։

Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ ինչքան էլ տույժեր ու վարչական ակտեր են կիրառվում, խնդիրը չկարգավորված է մնում. «Ոչ միայն կարողանա Երեւանի քաղաքապետարանը վարչական տուգանք կիրառել, այլ նաեւ այն ապրանքները, որոնք այդ պահին կհայտնաբերեն աշխատակիցները, իրավունք ունենան առգրավել, որից հետո սկսել իրավական գործընթաց»։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ամենամեծ խնդիրը մեր երկրում ինստիտուտներ եւ ստանդարտներ սահմանելն է. «Մենք պրոբլեմներն ունենում ենք այն ժամանակ, երբ աղետ կամ աղետի նման մի բան է լինում, հետո նայում, ասում ենք՝ բա ինչի՞ ենք մի քանի տարի կոմպրոմիսների մեջ»։

Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը նշեց, որ քաղցր բամբակ են փողոցում վաճառում, որը պատրաստում են փոքր գազի բալոններով. «Մենք չգիտենք՝ ինչ տեխնիկական ապահովվածությունը կա»։

Փաշինյանն ընդգծեց, որ Կառավարությունը պետք է վճռականություն ցուցաբերի եւ երկրում ստանդարտներ սահմանի.

«Մենք պետք է արձանագրենք՝ եթե մենք սկզբունքային այս գիծը շարունակենք, հազարավոր օբյեկտներ Հայաստանում ուղղակի պետք է դադարեցնեն իրենց գործունեությունը։ Այստեղ գալու է հարցը՝ բա էդքան մարդ ընտանիք է պահում եւ այլն, հետո ասում են՝ ահա այս բիզնեսը փակում են, որ արչապետի հորեղբոր տղայի դասարանցին բիզնես դնի։ Ամեն անգամ ենք բախվում ենք այսպիսի իրավիճակի»։

Վարչապետը շեշտեց, որ հրավտանգ նյութերի ներմուծումը, արտադրությունը  եւ օգտագործումը պետք է իրականացվի միայն լիցենզավորված կազմակերպությունների կողմից. «Այսինքն՝ ազատ վաճառքը պետք է արգելվի։ Մենք չենք ասում՝ երկրում հրավառություն պիտի չլինի, այդ թվում՝ մասնավոր առիթներով։ Նույնն էլ փողոցային այս առեւտուրն է, արդեն 30 տարի մայրաքաղաքում քննարկվում է։ Պետք է սկզբունքային որոշումներ կայացվեն եւ գնալ առաջ»։