Այս տարի Հայաստանի բոլոր բուհեր 9729 դիմորդ է ընդունվել, ինչը համեմատելի է նախորդ տարիների ցուցանիշների հետ։ Այս մասին օգոստոսի 18-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նա հայաստանյան բուհերում թափուր տեղերի թեման արհեստական անվանեց եւ  վիճակագրություն ներկայացրեց. «Հայաստանում այս տարի շրջանավարտների թիվը 21000 մարդ է կազմել, իսկ բուհերի կողմից հայտարարագրված տեղերը 23000-ն են, որից 7000-ը՝ մասնավոր բուհերի կողմից»,- նշեց Դումանյանը։

Նախարարը հայտնեց, որ այս տարի Հայաստանի մասնավոր բուհեր ընդամենը 131 մարդ է ընդունվել։ Նրանց հատկացվել է 9 անվճար տեղ, թեպետ ընդունվել է միայն մի մարդ։ Նա մատնանշեց մասնագիտությունների ցանկի եւ ուսուցման ծրագրերի վերանայման անհրաժեշտությունը։

«Կարեւոր է, որպեսզի բուհերի հայտարարագրած տեղերը լինեն իրատեսական, այդ թվում՝ առանձին մասնագիտություններով դիմորդների ընդունելության մասով»,- եզրափակեց Վահրամ Դումանյանը։