«Սուրմալու» առեւտրի կենտրոնի շենքի պանելների տակ անհրաժեշտ է փնտրել անհետ կորած քաղաքացուն։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 18-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ փոխնախարար Արտյուշ Գրիգորյանը։

«Երկաթբետոն պանելները տեղափոխում ենք այստեղ, որովհետեւ այստեղ արդեն որոնողական աշխատանքները ավարտված են, այստեղ բացառվում է անհետ կորած քաղաքացու առկայությունը։ Այն քաղաքացուն, որին փնտրում ենք կամ այս շենքում է, կամ շենքի պատի տակ։ Չի բացառվում, որ նա լինի շենքի առաջին հարկում։ Որոնողական աշխատանքներն այսպես մաքրելով գնում է դեպի փողոց։ Երբ մենք քաղաքացուն հայտնաբերեցինք, որոնողական աշխատանքները կհայտարարենք ավարտված»,- ասաց Արտյուշ Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ «Սուրմալու» առեւտրի կենտրոնում օգոստոսի 14-ին տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետեւանքով կա 16 զոհ։ Անհետ կորած է համարվում 1 քաղաքացի։ Տուժածների ընդհանուր թիվը 61 է։ Տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 4 տուժած, նրանց առողջական վիճակը գնահատվում է բավարար: Մյուս հոսպիտալացվածները վիճակի դրական դինամիկայով դուրս են գրվել: