Չինաստանը պահանջում է Միացյալ Նահանգներից դադարեցնել Թայվանի հետ ցանկացած պաշտոնական շփում, ինչպես նաեւ Վաշինգտոնի եւ Թայբեի միջեւ առեւտրատնտեսական համաձայնագրի շուրջ բանակցությունները: Պեկինը պատրաստ է վճռական միջոցներ ձեռնարկել իր ինքնիշխանությունը պաշտպանելու համար։ Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ խոսնակ Վան Վենբինը:    

«Աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ ՉԺՀ-ի կառավարությունը միակ օրինական կառավարությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը»,-ասել է դիվանագետը։

Նա ընդգծել է, որ «Մեկ Չինաստան» սկզբունքին հավատարիմ մնալը արտաքին տնտեսական համագործակցությանը Թայվանի մասնակցության նախապայմանն է։ 

Դիվանագետը նաեւ ասել է, որ ԱՄՆ-ն չպետք է կեղծ ազդանշաններ ուղարկի Թայվանի անջատողական ուժերին՝ առեւտրի զարգացման պատրվակով։