Ադրբեջանը, Վրաստանը եւ Թուրքիան համաձայնագիր են ստորագրել Բաքու-Թբիլիսի-Կարս (ԲԹԿ) երկաթուղով տարանցիկ ճանապարհով փոխադրվող ապրանքների վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին, հայտնում է «Նովոստի-Գրուզիան»։ Փաստաթուղթը ձեւակերպվել է այսօր Բաքվում՝ մաքսային հարցերով եռակողմ հանձնաժողովի նիստում։

Համաձայնագիրը նոր հնարավորություններ կստեղծի անդրեվրոպական եւ անդրասիական երկաթուղային միջանցքները միացնող ԲԹԿ երկաթուղով բեռների փոխադրման առումով։

Ապրանքների վերաբերյալ առաջնային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման շնորհիվ կպարզեցվեն մաքսային ընթացակարգերը եւ կարագացվեն սահմանահատման գործընթացները։

Պայմանավորվածությունը կօգնի նաեւ մեծացնել նավահանգիստների լոգիստիկ հնարավորությունները։

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը Եվրոպան եւ Ասիան կապող միջանցքի լոգիստիկ մասն է։ Նախագիծը թույլ է տվել միավորել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի երկաթուղային ցանցերը մեկ տրանսպորտային միջանցքի մեջ։ ԲԹԿ-ի ընդհանուր երկարությունը մոտ 830 կմ է։

Այս երկաթուղային գիծը փորձնական ռեժիմով աշխատում է 2017 թվականից։

ԲԹԿ-ի վրացական մասի շինարարությունը ֆինանսավորել է Ադրբեջանը, որը Վրաստանին տրամադրել է երկու արտոնյալ վարկ՝ ընդհանուր 775 միլիոն դոլարի չափով։