Իրանի, ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ միջուկային համաձայնագիրը վերականգնելու գործարքը դժվար թե առաջիկայում տեղի ունենա: Այս մասին հայտարարել է Goldman Sachs Group Inc-ը՝ նշելով, որ եթե նույնիսկ համաձայնագիրը կնքվի, հավելյալ նավթը շուկա դուրս չի գա մինչեւ հաջորդ տարի։

«Մենք առաջվա պես կարծում ենք, որ գործարքը կարճաժամկետ հեռանկարում դեռեւս քիչ հավանական է, եւ որ փակուղային իրավիճակը փոխշահավետ կլինի»,- ասում են վերլուծաբանները: Նրանց խոսքով՝ նույնիսկ բեկման դեպքում, ամենայն հավանականությամբ, կլինի «փուլային ներմուծում», եւ իրանական նավթը դժվար թե շուկա վերադառնա մինչեւ 2023 թվականի սկիզբը:

Վերջին օրերին նավթի շուկաները ցնցված էին Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի փրկության շուրջ համաձայնության գալու հնարավորությունից։ Հաշվի առնելով, որ գործարքը կարող է բացել հում նավթի արտահանումն առանց ԱՄՆ պատժամիջոցների վերականգնելու Թեհրանի ճանապարհը, Brent համաշխարհային հենանիշային ինդեքսը երեքշաբթի փակվել է փետրվարից ի վեր ամենացածր մակարդակով:

Առայժմ խոչընդոտները մնում են, հատկապես, այսպես կոչված, շարունակականության երաշխիքների հետ կապված, որոնք ԱՄՆ-ն ի վիճակի չէ եւ չի ցանկանում տրամադրել, ասում են վերլուծաբանները: Բացի այդ, Իրանը համաձայնության «թույլ խթաններ» ունի՝ հաշվի առնելով, որ նա արդեն արտահանում է օրական մոտ 1 միլիոն բարել, ինչպես նաեւ շարժվում է դեպի միջնաժամկետ միջուկային թիրախներ, ասել են նրանք։

Ըստ նրանց՝ իրանական մատակարարումների վերսկսումը 5-10 դոլարով կնվազեցնի Brent-ի 2023 թվականի համար գոյություն ունեցող կանխատեսումը, որը կազմում է 125 դոլար մեկ բարելի դիմաց։