Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր ուկրաինացի գործընկեր Վլադիմիր Զելենսկու եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ եռակողմ հանդիպման ժամանակ քննարկել է Ուկրաինայում պատերազմին վերջ տալու հնարավոր ուղիները, հայտնում է Anadolu-ն։

Ելույթ ունենալով Լվովում հանդիպումից հետո՝ Էրդողանն ասել է, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են՝ ՄԱԿ-ի միջնորդությամբ հացահատիկի արտահանման գործարքի արդյունքում ստեղծված դրական մթնոլորտը կայուն խաղաղություն կառուցելու համար օգտագործելու հարցը։ «Անձամբ ես շարունակում եմ հավատալ, որ պատերազմն ի վերջո կավարտվի բանակցությունների սեղանի շուրջ։ Իրականում Զելենսկին ու Գուտերեշն այս հարցում համակարծիք են։ Ամբողջ հարցն այն է, որ դեպի բանակցությունների սեղան տանող ամենակարճ եւ ամենաարդար ճանապարհը գտնվի: Կարծում եմ, որ բանակցությունները կարող են վերսկսվել այն չափորոշիչների հիման վրա, որոնք ձեւավորվել են մարտին Ստամբուլում։ Մենք պատրաստ ենք եւս մեկ անգամ հանդես գալ որպես միջնորդ՝ այդ նպատակին հասնելու ճանապարհին հնարավոր բոլոր աջակցությունը ցուցաբերելու համար»,- ասել է նա։

Էրդողանը նաեւ մտահոգություն է հայտնել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված իրավիճակի կապակցությամբ։ «Մենք նոր Չեռնոբիլ չենք ուզում»,- ասել է նա։

Նա նաեւ հայտնել է, որ քննարկվել է Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ ռազմագերիների փոխանակման հարցը, եւ որ ինքն ավելի ուշ այդ հարցը կբարձրացնի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում։