Մեքսիկայում այս տարին ամենամահաբերը կլինի  լրագրողների համար. այս պահի դրությամբ զոհվել է 18 մարդ, ասվում է Article 19 իրավապաշտպան կազմակերպության զեկույցում:

Կազմակերպության տարածաշրջանային տնօրեն Լեոպոլդո Մալդոնադոյի խոսքով՝ 18-ից 9 դեպքում լրագրողների մահը կապված է եղել աշխատանքի հետ։ «2022-ը կարող է վատթարագույն տարին լինել մամուլի համար»,- ասաց Մալդոնադոն:

2022 թ. ընդամենը ութ ամսում մահացածների թիվն արդեն գերազանցել է անցյալ տարի գրանցված 13 սպանությունների եւ 2020-ին գրանցված 14 սպանությունների թիվը։ Article 19-ը պարզել է , որ 2021 եւ 2020 թթ. Մահվան դեպքերի մոտ կեսը կապված է եղել տուժածների մասնագիտության հետ։
Առաջին կիսամյակում կազմակերպությունը գրանցել է լրագրողների վրա ընդհանուր 331 հարձակում, որոնց մեծ մասը կապված է ահաբեկման եւ հետապնդումների հետ։

Դա 51.83 տոկոսով ավել է, քան 2018 թ. առաջին կիսամյակում, երբ իշխանության ղեկին էր նախկին նախագահ Էնրիկե Պենյա Նյետոն։

«Իշխանությունների դերը մամուլի նկատմամբ բռնության գործում ակնհայտորեն արտացոլում է պետության կողմից լրագրողների եւ ԶԼՄ-ների իրավունքների եւ անձեռնմխելիության ապահովման պարտավորությունների խախտումը»,- ասվում է զեկույցում։

Մեքսիկայի նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը բազմիցս ասել է, որ իր կառավարությունը չի հարձակվում մամուլի վրա, եւ որ վերջին սպանություններն իրականացվել են հանցավոր խմբավորումների կողմից։

Article 19 պնդում էր, որ մամուլի վրա հարձակումների մեծ մասի հետեւում պետությունն է կանգնած. առաջին կիսամյակում գրանցվել էր 128 դեպք: Դա «միտում է, որը շարունակվում է 2007-ից», - ասվում է խմբի հայտարարության մեջ: