Փողոցային առեւտրով զբաղվողները դժգոհ են Երեւանի քաղաքապետարանի մշակած օրենքի նոր նախագծից, որով փողոցային առեւտրի արգելքի խախտումը կպատժվի տուգանքով՝ վաճառվող ապրանքի առգրավմամբ։  NEWS.am-ի հետ զրույցում նրանք նշել են, որ իրենք կարիքից դրդված են փողոցում առեւտուր անում: Նշենք, որ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներում հիմնականում տարեց, թոշակառու մարդիկ են միրգ–բանջարեղեն վաճառում. «Ես թոշակով եմ ապրում: 55 հազար դրամ եմ ստանում, որից 35 հազարը տան վարձ եմ տալիս: Եթե նախագիծ ստեղծողները կարող են 20 հազար դրամով ապրել, թող ինձ արգելեն»:

Փողոցային առեւտրով զբաղվողներից շատերը կարծում են, որ այս որոշմամբ իշխանությունները փորձում են  իրենց զրկել մեկ կտոր հացից. «Մենք եկամտի աղբյուր չունենք, սրա հույսին ենք: Ո՛չ նպաստ ենք ստանում, ո՛չ՝ թոշակ: Օրենքի նախագիծ ստեղծողները գիտե՞ն՝ մենք ինչ վիճակում ենք ապրում»։

«Եթե ես լավ օրի լինեմ, կգա՞մ այստեղ կկանգնեմ: Բարձրաստիճան մարդկանց եմ դիմում. վերնախավը կգա՞, այստեղ կկանգնի: Պատգամավորը չի գա կանգնի, ունեցվածք ունեցողը չի գա: Չունեւոր մարդն է այստեղ կանգնում, որ իր ընտանիքը պահի»,– ասաց առեւտրականներից մեկը: Փողոցում ապրանք վաճառողնեը դեմ են նաեւ քաղքապետարանի՝ շուկաներում աշխատելու առաջարկին՝ պատճառաբանելով, թե ինչ գնով վաճառեն այն միրգը, որը գնում են հենց նույն շուկայում վաճառող գյուղացուն։

«Մեզ ասում են՝ գնացեք շուկաներ: Շուկայում այն նույն գյուղացին է, որից ես ապրանք եմ գնում: Գյուղացին կվաճառի 300 դրամով, ես կողքը կանգնեմ 350-ով վաճառեմ, իմ ապրանքը ո՞վ կգնի»: Հիշեցնենք, որ Կառավարությունը հավանություն է տվել Երեւանի քաղաքապետարանի առաջարկած նախագծին, որով Կառավարությունը արմատական քայլերի է գնում փողոցային առեւտրի դեմ պայքարում: Փողոցային արգելքը խախտողները ոչ միայն կտուգանվեն, այլեւ առեւտրականների ապրանքը կառգրավեն, իսկ սննդամթերքի դեպքում կոչնչացվեն: Առաջին անգամ տուգանքը կկազմի 70 հազար դրամ, իսկ երկրորդ անգամ՝ մեկ տարվա ընթացքում 200 հազար դրամ: