Hyundai Trans Kazakhstan գործարանը (KMK Astana Motors-ի մաս է կազմում) կդադարեցնի Hyundai Accent եւ Hyundai Creta մոդելների արտադրությունը՝ Ռուսաստանից մասերի մատակարարումների դադարեցման պատճառով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով Astana Motors-ի մամուլի ծառայությանը։

«Աշխարհաքաղաքական իրավիճակի պատճառով գարնանը Ռուսաստանի Դաշնությունից մասերի մատակարարումները դադարեցվել են։ Այս ամբողջ ընթացքում ընկերությունը աշխատել է պահեստամասերով, ինչպես նաեւ Hyundai Motor Company-ի հետ պայմանավորվել է այլ երկրներից մասերի մատակարարման արտակարգ քվոտայի մասին: Այժմ մշակվում է հետագա մատակարարումների եւ լոգիստիկ նոր շղթաների հարցը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ձեռնարկությունում առկա բոլոր մասերը յուրացված են: Մոտ ապագայում նոր մատակարարումներ չեն սպասվում։

Astana Motors-ը Ղազախստանում առաջին ընկերությունն է, որը ավտոմեքենաները վաճառում եւ սպասարկում է 1992 թվականից: Astana Motors-ի դուստր ձեռնարկություններն են կոմերցիոն տեխնիկայի Hyundai Trans Almaty գործարանը, մարդատար ավտոմեքենաների արտադրության Hyundai Trans-Ղազախստան գործարանը: