Հունգարիայում երկու առաջատար օդերեւութաբաններ աշխատանքից ազատվել են եղանակի սխալ կանխատեսման պատճառով, հայտնում է BBC-ն։

Անցած շաբաթ օրը Սուրբ Ստեփանոսի տոնի կապակցությամբ պետք է տեղի ունենար «Եվրոպայի ամենամեծ հրավառությունը»։ Սակայն նախատեսված մեկնարկից յոթ ժամ առաջ կառավարությունը հետաձգել է միջոցառումը՝ վկայակոչելով արտակարգ եղանակային պայմանների մասին նախազգուշացումները:

Եղանակը, սակայն, հանգիստ է մնացել, ինչը հանգեցրել է աշխատանքից օդերեւութաբանական ծառայության պետի եւ նրա տեղակալի ազատմանը։

Բուդապեշտի կենտրոնում Դանուբ գետի 5 կմ երկարությամբ հատվածի 240 կետերից մոտ 40 000 հրավառություն պատրաստ է եղել արձակման: Կառավարությունը միջոցառումը մեկ շաբաթով հետաձգել է արտակարգ եղանակային պայմանների նախազգուշացումների պատճառով:

Սակայն Ազգային օդերեւութաբանական ծառայության կանխատեսած անձրեւը փոխել է ուղղությունը եւ փոխարենը տեղացել է արեւելյան Հունգարիայի որոշ հատվածներում՝ ամբողջությամբ շրջանցելով մայրաքաղաքը:

Ծառայությունը հրապարակային ներողություն է խնդրել Facebook-ի իր էջում՝ բացատրելով, որ տեղի է ունեցել «ամենաանհավանական» բանը, եւ որ անորոշությունը եղանակի կանխատեսման մաս է կազմում: Բայց արդեն ուշ էր։ Նորարարությունների նախարար Լասլո Պալկովիչն անմիջապես աշխատանքից ազատել է ծառայության ղեկավարներին։