Գերմանական Mercedes-Benz ավտոարտադրողը վաճառում է իր ավտոմեքենաների հավաքման գործարանը Մերձմոսկվայում։ Այս մասին գրում է «Կոմերսանտ» թերթը՝ վկայակոչելով աղբյուրներն ավտոմոբիլաշինության ու անշարժ գույքի շուկայում։

Դրանց տվյալներով՝ խոսքը մերձմոսկովյան Էսիպովոյում գտնվող հարթակի մասին է, որը պատկանում է Mercedes-Benz Manufacturing Rus-ին, որտեղ 20 տոկոսը պատկանում է Daimler KamAZ Rus JV-ն, իսկ մնացած մասը պատկանում է Mercedes-Benz AG մայր ընկերությանը։

Աղբյուրներից մեկի համաձայն՝ գործարքը վերջնական փուլում է, գործարանը կգնի ռուս դիլերը, սակայն Mercedes-ում «փաստաթղթերի հետ կապված որոշ խնդիրներ» կան։ Մերձմոսկվայում անշարժ գույքի շուկայում «Կոմերսանտ»-ի աղբյուրի համաձայն՝ հավակնորդներից մեկն «Ավտոդոմ»-ն է, իսկ բանակցություններին մասնակցում է Մոսկվայի մարզի զարգացման կորպորացիան: Մրցույթին մասնակցում են մի քանի դիլերներ, ասվում է հրապարակման մեջ։

Աղբյուրները հայտնել են, որ կլինի համալիր գործարք, «որը նաեւ ապրանքանիշի՝ ռուսական շուկայում դիստրիբյուտորի իրավունքներ է ներառում»: