Գազի բալոնի բռնկման հետեւանքով օգոստոսի 25-ին այրվածքներ ստացած զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր։ Այս մասին NEWS.am-ին ասաց պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

Նա նշեց, որ զինծառայողը բուժվում է Այրվածքաբանության ազգային կենտրոնում.

«Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն»։

Հիշեցնենք՝ Պաշտպանության նախարարությունը հաղորդել էր, որ օգոստոսի 25-ին ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, սերժանտ Ա. Մ.-ն մեքենայի թափքում տեղադրված կենցաղային գազի բալոնի բռնկման հետեւանքով ստացել է այրվածքներ։