Արզականի 46-ամյա բնակիչը  35-ամյա կնոջը սպանելուց հետո գնացել է հարեւանների տուն եւ դանակահարել 57-ամյա եւ 53-ամյա տղամարդուն եւ կնոջը: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արզականի գյուղապետը:

«Ոչ մի վատ բան չենք տեսել, չենք լսել նրա մասին, հարեւանների հետ էլ նորմալ հարաբերություններ են ունեցել: Համացանցում մեկնաբանություններ են գնում, որ տղամարդը թմրամոլ է, բայց մենք նման բան չենք նկատել, ինքը վարորդ էր աշխատում, նորմալ, հանգիստ մարդ է: Հիմա տարբեր վարկածներ են քննարկում, թե ինչու է նման քայլի դիմել, քննչական գործողություններ են ընթանում: Կինն էլ շատ դրական, հանգիստ աղջիկ էր, երեխաներով էր զբաղվում մի աղջկան սեպտեմբերին դպրոց էր ուղարկելու, մյուսին էլ մանկապարտեզ էր տեղավորում»,- պատմեց նա:


Գյուղապետը նշեց, որ 46-ամյա տղամարդը կնոջը սպանելուց եւ հարեւաններին դանակահարելուց հետո փախուստի է դիմել, մինչ այժմ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:

Ավելի վաղ հայտնել էինք, որ օգստոսի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 05։10-ի սահմաններում «Չարենցավան» բժշկական կենտրոնից ոստիկանության Չարենցավանի բաժին ահազանգ է ստացվել, որ «պարանոցի և որովայնի բազմակի ծակած-կտրած վերքեր, հեմոռագիկ շոկ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, իսկ կարճ ժամանակ անց «աջ նախաբազկի վերին երրորդի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեկ այլ քաղաքացի։Ոստիկանները պարզել են, որ վիրավորները Կոտայքի մարզի Արզական գյուղի բնակիչ՝ 57-ամյա Ավետիք Ա-ն է և 53-ամյա Անահիտ Ա-ն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նույն օրը, ժամը 03։30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ՝ 46-ամյա Զորիկ Մ-ն մտել է վիրավորների ննջասենյակ և անհայտ պատճառներով ծեծի ենթարկել Ավետիք Ա-ին և Անահիտ Ա-ին, դանակով հարվածել աջ արմնկային հատվածին, ապա դանակի մի քանի հարվածներ հասցրել Ավետիք Ա-ի մարմնի տարբեր մասերին։

Նշված հանցագործությունը բացահայտելու և Զորիկ Մ-ին հայտնաբերելու նպատակով ոստիկանները, ապա՝ նրանց միացած Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Չարենցավանի քննչական բաժնի քննիչները Զորիկ Մ-ի եղբոր հետ այցելում են նրա բնակության հասցե, որտեղ ննջասենյակում առկա մահճակալի վրա հայտնաբերվել է պարանոցը մասամբ կտրած կնոջ դի։

Դեպքի փաստով սպանության և սպանության փորձի հատկանիշներով Չարենցավանի քննչական բաժնում քրեական վարույթ է նախաձեռնվել։

«Գյուղը շոկի մեջ է». Արզականում սպանված 35-ամյա կինը երկու երեխաների մայր էր

Արզական գյուղի տներից մեկում հայտնաբերվել է պարանոցը մասամբ կտրած 35-ամյա կնոջ դի, կան վիրավորներ. shamshyan.com