Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը կորցնում է իր ընտրողներին երկրի խոշոր քաղաքներում։

2018 թվականի ընտրությունների համեմատ՝ ԱԶԿ-ի ձայների մասնաբաժինն ավելի քան 10 տոկոսային կետով նվազել է Ստամբուլում, մայրաքաղաք Անկարայում, արեւմտյան Բուրսա քաղաքում, Քոջաելի արդյունաբերական կենտրոնում եւ Տրապիզոն ու Ռիզե սեւծովյան քաղաքներում, համաձայն հասարակական կարծիքի հարցման, հաղորդում է Ahval-ը:

Էրդողանի կառավարությունը փորձում է ամրապնդել իր հանրային աջակցությունը՝ լիրայի արժեքի անկումից եւ դրամավարկային քաղաքականության թուլացումից հետո, որոնք հանգեցրել են թուրք ընտրողների կյանքի կտրուկ թանկացման: Անցած ամիս տարեկան գնաճը հասել է 79,6 տոկոսի, ինչն ամենաբարձրն է ավելի քան երկու տասնամյակների ընթացքում։ Հաջորդ տարվա հունիսին երկրում պետք է անցկացվեն նախագահական եւ խորհրդարանական ընտրություններ։

ORC Araştırma-ի կողմից հասարակական կարծիքի օգոստոսյան հարցման համաձայն՝ իշխող կուսակցության ձայների մասնաբաժինը երկրի ամենամեծ քաղաք Ստամբուլում չորս տարի առաջվա համեմատ նվազել է 12,5 տոկոսային կետով՝ հասնելով 30,2 տոկոսի։

Արդյունաբերական արտադրության կենտրոն Քոջաելիում «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն աջակցությունը նվազել է 13,2 տոկոսային կետով՝ հասնելով 35,1 տոկոսի, իսկ Անկարայում՝ 10,3 տոկոսով՝ հասնելով 30,1 տոկոսի։

Տրապիզոնում եւ Ռիզեում, որոնք համարվում են իշխող կուսակցության քաղաքական հենակետերը, կորուստները գերազանցել են 15 տոկոսային կետը։