Վահագն Վերմիշյանի նկատմամբ հետապնդումը բացառապես քաղաքական դրդապատճառ ունի, նա հետապնդվում է կառավարությունում ազատ կամարտահայտման, վարչապետի հետ երկխոսության, տարբեր ոլորտներում վարչապետի ու կառավարության սխալները մատնանշելու համար։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը։

«Վերմիշյանը Փաշինյանների ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթին տված հարցազրույցում քննադատել էր կառավարության քաղաքականությունը քաղաքաշինության ոլորտում։

«Փաշինյանի հետ հանդիպումներից մեկի ժամանակ նա կասկածի տակ է առել հայ-թուրքական սահմանին կարգո կամ անցակետ կառուցելու նպատակահարմարությունը՝ փորձելով հասկանալ, թե ինչ խնդիր է դա լուծում, արդյոք ազատ առեւտրի գոտի է գործելու։ Նա 2018 թվականին չի մասնակցել իշխանափոխության գործընթացին, ներգրավված չի եղել կոռուպցիոն սխեմաների մեջ։ Այս ամենը նրան չի ներվել եւ հետապնդման պատճառ է դարձել։ Իշխանությունները սպառել են բոլոր քրեադատավարական գործիքները՝ Վերմիշյանին անազատության մեջ պահելու համար»,- նշել է Կոչուբաեւը։

Մխիթար Պապոյանին Վերաքննիչ քրեական դատարանի նախագահ նշանակվելով, նրա կարծիքով, որոշ փոփոխություններ են նկատվում։

«Այս անգամ գործն ուղարկվել է դատավոր Արսեն Նիկողոսյանին։ Սա վկայում է այն մասին, որ արդար դատավարություն կարելի է ակնկալել։ Նիկողոսյանն իրեն դրսեւորում է որպես անկախ դատավոր, եւ ակնկալիքներ կան, որ սեպտեմբերի 5-ին որոշումը կհրապարակվի, եւ պատանդ պահվող Վերմիշյանը ազատ կարձակվի։ Վերջին նիստը տեղի է ունեցել հուլիսին, որից հետո դատավոր Մնացական Մարտիրոսյանը մեկնել է արձակուրդ։ Այս ամենի հետեւանքով Վերմիշյանը 2-3 ամիս գտնվում է անազատության մեջ։ Ըստ էության, դատավոր Մարտիրոսյանը բռնի ուժով, առանց դատավարության շարունակում է կալանքի տակ պահել Վերմիշյանին, իսկ մեղադրանքն ամբողջությամբ բամբասանքների վրա է հիմնված եղել»,- ընդգծեց փաստաբանը։

Հիշեցնենք, որ Վերմիշյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի կաշառք վերցնելու մեջ։