Մեծ Բրիտանիայում Bonhams աճուրդում վաճառքի է դրվել անիվների վրա աշխարհում առաջին տունը` 1914 թվականի Ford T-ը: Մեքենայի ներսում քնելու տեղեր, սեղան, վառարան եւ պահարաններ կան։ Մեքենայի առավելագույն արագությունը 48 կմ/ժ է։

Ford T-ը վերասարքավորել են Dunton արհեստանոցում՝ Բենթալ ընտանիքի պատվերով, որը հիմնադրել է առեւտրի կենտրոնների աշխարհի առաջին ցանցերից մեկը:

Արհեստավորները երկարացրել եւ ամրացրել են մեքենայի շրջանակային շասսին եւ տեղադրել են փայտե թափք։ Ներսում դրել են երկհարկանի մահճակալ, ծալովի սեղան, երկու մեծ բուֆետներ եւ էլեկտրական կաթսա՝ ճաշ պատրաստելու եւ սրահը տաքացնելու համար։

Անիվների վրա աշխարհի առաջին տնակը շրջել է Բրիտանիայում մինչեւ 20-ական թվականները, այնուհետեւ ֆուրգոնը լքել են: 70-ականների սկզբին այն գտել եւ վերականգնել են օրիգինալ վիճակը։ Լոտն արժե 20-30 հազար ֆունտ սթեռլինգ: Աճուրդը կկայանա սեպտեմբերի 10-ին։