«Ականատես» դիտորդական նախաձեռնությունը սեպտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ  և կարճաժամկետ դիտարկում կիրականացնի:

Նախաձեռնության հաղորդագրության մեջ ասվում է. «2022թ. սեպտեմբերի 25-ին տեղի են ունենալու տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ ՀՀ 18 համայնքներում:

«Ականատես» դիտորդական նախաձեռնության կողմից կիրականացվի ընտրությունների երկարաժամկետ  և կարճաժամկետ դիտարկում՝

Արագածոտնի մարզի Թալին

Լոռու մարզի Տաշիր և Ալավերդի

Կոտայքի մարզի Չարենցավան

Սյունիքի մարզի Սիսիան և Քաջարան

Գեղարքունիքի մարզի Ճամբարակ 

Տավուշի մարզի Բերդ

Շիրակի մարզի Անի համայնքներում

Երկարաժամկետ դիտորդությունը կմեկնարկի սեպտեմբերի 1-ին։ 9 երկարաժամկետ դիտորդներ կհետևեն նախընտրական գործընթացներին, այդ թվում՝ ընտրությունների վարչարարությանը, կուսակցությունների և դաշինքների նախընտրական շտաբների գործունեությանը, նախընտրական քարոզչությանը, ինչպես նաև հետընտրական գործընթացներին՝ ընդհուպ մինչև համայնքի ղեկավարի ընտրություն։

Քվեարկության օրը` սեպտեմբերի 25-ին, համայնքերում աշխատելու են շուրջ 50 շրջիկ դիտորդներ, ովքեր դիտարկելու են իրավիճակը ընտրատեղամասերում և համայնքներում։

Կոչ ենք անում բոլոր շահագրգիռ կողմերին համագործակցել դիտորդական առաքելության հետ: Ընտրախախտումների մասին տեղեկատվություն ունենալու դեպքում խնդրում ենք կապ հաստատել 096 96 50 07 հեռախոսահամարով կամ [email protected] էլ․ փոստի, ինչպես նաև ֆեյսբուքյան էջի միջոցով։

«Ականատեսի»  մասին

«Ականատես» դիտորդական առաքելությունը հիմնադրվել է  2018 թվականին  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն», Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ  ՀԿ-ների, «Ռեստարտ» գիտակրթական և Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամների կողմից:

«Ականատեսի» նպատակն է խթանել ազատ և արդար ընտրությունների անցկացումը Հայաստանում, ինչպես նաև ընտրական գործընթացների և ինստիտուտների բարելավումը։  Նախաձեռնության գործունեության ուղղություններն են՝ նախընտրական և հետընտրական գործընթացների դիտարկումը, քվեարկության օրվա ընթացքին հետևելը, ընտրական գործընթացների վերաբերյալ հանրության իրազեկվածության ապահովումը և օրենսդրական բարեփոխումների խթանումը:

«Ականատես» նախաձեռնությունը գործում է անկախ՝ պահպանելով անկողմնակալության սկզբունքը և զերծ մնալով  այնպիսի գործողություններից, որոնք կարող են մեկնաբանվել որպես աջակցություն, քարոզչություն կամ հակաքարոզչություն ընտրություններին մասնակցող որևէ կուսակցության/դաշինքի, թեկնածուի օգտին կամ դեմ: