Խաղաղության պայմանագիրը կնշանակի Արցախի հարցի վերջնական կարգավորում հօգուտ Ադրբեջանի։ Երեւանը կգնա նոր զիջումների։ Հայաստանի իշխանությունները որդեգրել են ամեն գնով խաղաղության քաղաքականություն, որն ի վերջո կարող է արժենալ պետականություն, եւ այս պայմաններում ամեն ինչ սպասելի է։ Այս մասին սեպտեմբերի 1-ին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը։

Նրա գնահատմամբ, Բրյուսելում վերջին հանդիպումը կայացել է ըստ ադրբեջանական օրակարգի։

«Հինգ սկզբունքները, որոնք պետք է դրվեն խաղաղության պայմանագրի հիմքում, Ադրբեջանն է ներկայացրել։ Երեւանը դրանց շատ արագ պատասխանեց եւ համաձայնեց։ Դրանից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ ներկայացրել են իրենց 6 առաջարկները, որոնք պետք է լրացնեին ադրբեջանական հինգ առաջարկները, սակայն Բաքուն պարզապես անտեսեց դրանք։ Երեւանը սրան պատասխանեց լռությամբ՝ փաստացի ընդունելով, որ խաղաղ պայմանագիրը պետք է լինի ադրբեջանական պայմաններով»,- նշեց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ Ադրբեջանի հինգ սկզբունքները չէին ենթադրում Արցախի որեւէ կարգավիճակ, չէին ենթադրում բուն հակամարտության առկայություն, իսկ Ալիեւը հայտարարել է, որ Արցախի հարցը փակված է, եւ հայերը պետք է հաշտվեն Ղարաբաղի ամբողջական կորստի հետ։

«Եթե համեմատենք ադրբեջանական 5 սկզբունքները եւ Բաքվի պաշտոնական հայտարարությունները, ապա պարզ կդառնա, որ խաղաղության պայմանագիրը Բաքվի օրակարգով կլինի։ Բացի այդ, Շառլ Միշելի հայտարարության մեջ խոսք չկա Ղարաբաղի մասին, անգամ «Ղարաբաղ» բառն ինքնին չի հիշատակվում։ Եթե նախկինում մենք վիճում էինք այն մասին, որ Միշելը չի օգտագործել «Լեռնային Ղարաբաղ» տերմինը, որը ենթադրում է սուբյեկտայնություն, օգտագործել է «Ղարաբաղի հայ բնակչություն» ձեւակերպումը եւ խոսել է անվտանգության նրանց իրավունքների եւ երաշխիքների մասին, ապա այժմ դա այդպես չէ»,- ասաց Թեւանյանը։

Նա վստահ է, որ պաշտոնական Երեւանը ձեռքերը լվացել է Ղարաբաղի հարցում.

«44-օրյա պատերազմից հետո Հայաստանը զգալիորեն կորցրել է իր սուբյեկտայնությունը միջազգային հարաբերություններում, իսկ Արցախում՝ պետականությունը։ Հիմա տեսնում ենք, որ Հայաստանին ֆուտբոլի գնդակի պես մի կողմից թուրքերն են հարվածում, մյուս կողմից՝ Բրյուսելից, երրորդ կողմից՝ Մոսկվայից։ Ամեն մեկն իր շահն է հետապնդում, բայց Հայաստանի շահերի առաջքաշմամբ ոչ ոք չի զբաղվում։ Հայաստանի իշխանությունները զբաղված են բացառապես իրենց աթոռների պաշտպանությամբ։ Եթե նրանք այդ պաշտպանությունը Թուրքիայում գտնեն, ապա Թուրքիայի շահերը կսպասարկեն։ Նույնը կլինի Բրյուսելի ու Մոսկվայի դեպքում»,- հավելեց պատգամավորը։

Ելնելով փորձից՝ Թեւանյանը եզրակացրեց, որ այն խնդիրները, որոնք Ադրբեջանն իր առաջ դնում է, Փաշինյանից է ստանում։

«Հիմա Բաքուն խոսում է նույն անկլավների մասին, բայց ես չեմ տեսնում հակափաստարկներ, որոնք հիմնված կլինեն իշխանությունների քաղաքականության վրա։ Լաչինում տեղի ունեցածը հակասում է նոյեմբերի 9-ի հայտարարությանը, եւ նույնիսկ Հայաստանի իշխանությունները ասել են, որ Ադրբեջանի պահանջները ոչ լեգիտիմ են։ Սակայն մի քանի օր անց Արցախում Հայաստանի իշխանությունների դրածոները հայտարարեցին, որ հայերը պետք է հեռանան Լաչինից։ Այսինքն՝ ի վերջո եղավ այն, ինչ պահանջում էր Բաքուն»,- եզրափակեց պատգամավորը։