Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլի մզկիթում, չորեքշաբթի երեկոյան աղոթքի ժամանակ, պայթյունի հետեւանքով զոհվել է առնվազն 21 մարդ, 33 հոգի վիրավորվել է, տեղեկացրել է Al Jazeera-ն՝ հղում կատարելով ոստիկանությանը։

«Երեկ մզկիթում պայթյուն է տեղի ունեցել... երեկոյան աղոթքի ժամանակ։ Դրա հետեւանքով մեր 21 քաղաքացի զոհվել է, 33-ը՝ վիրավորվել»,- հինգշաբթի ասել է Քաբուլի ոստիկանության ներկայացուցիչ Խալիդ Զադրանը։

Աֆղանստանի կառավարության ներկայացուցիչ Զաբիհուլա Մուջահիդը ավելի վաղ հաստատել էր զոհվածների եւ վիրավորվածների փաստը, բայց չէր ճշտել նրանց թիվը։

«Խաղաղ բնակիչներ սպանողներն ու սպանություններ կատարողները... շուտով կպատժվեն իրենց հանցագործությունների համար»,- գրել է նա Թվիթերում։ Նշվել է, որ առայժմ ոչ ոք հանձն չի առել կատարվածի պատասխանատվությունը։