2019 թվականին երրորդ կարգի հաշմանդամ ճանաչված նախկին պայմանագրային զինծառայող Հ․ Մ․-ի բողոքը ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն չի բավարարվել, նրա հաշմանդամության համար տրվող թոշակը չեն վերականգնել:

NEWS.am-ի հետ զրույցում նախկին զինծառայողի կինը պատմեց, որ  զինհաշմանդամին հունիս ամսից էին զրկել թոշակից:

Կինը պատմեց, որ իրենց նույնիսկ չեն պարզաբանել, թե ինչու են զրկել թոշակից, միայն ասել են, այլեւս հաշմանդամ չէ, չնայած նրան, որ առողջական վիճակում որեւէ փոփոխություն չի եղել:

«Ես որ գնացել էի սոցապ՝ բողոքարկելու այս որոշումը, տեսա, որ միայն մեր դեպքում չէ, որ թոշակը կտրում են, զինհաշմանդամներին համատարած զրկում են թոշակից, նույնիսկ մի կին կար, որ 8 տարի 2-րդ կարգի համար էր ստացել եւ արդեն ցմահ թոշակառու պետք է դառնար զրկել էին թոշակից: Ենթադրում եմ, որ հաշմանդամ զինծառայողների թոշակը կտրելով ապահովում են իրենց պարգեւավճարները»,- պատմեց նա:

Կնոջ խոսքով՝ իրենց երեք անչափահաս երեխաներից երկուսն առողջական խնդիրներ ունեն եւ թոշակ են ստանում։ Երեխաների բուժզննումը, որ պետպատվերով էր, կնոջ խոսքով, կրկին հանել են եւ գումար են պահանջել բուժզննման համար:

Ընտանիքն ապրում էր երեխաների, ամուսնու թոշակների եւ նպաստի միջոցով, սակայն այժմ իրենց կյանքն անհամեմատ դժվարացել է։

«Ամուսինս օրավարձով աշխատանքներ է կատարում, սակայն դա էլ չի կարողանում եւ ամեն անգամ չէ, որ լինում են, պայմանագրային զինծառայության էլ կրկին չի կարող վերադառնալ: Ես էլ երեխաներին եմ խնամում, քանի  փոքր են եւ առողջական խնդիրներ ունեն»,-ասաց կինը:

Նախկին պայմանագրային զինծառայողի կինը ասաց, որ պատրաստվում է կրկին դիմել ՀՀ սոցիալական ապահովության եւ առողջապահության նախարարություն: