Աֆղանստանի հարավում շաբաթ օրը չպայթած զինամթերքը պայթել է, ինչի հետեւանքով չորս երեխա զոհվել է, եւս երեքը՝ վիրավորվել այն բանից հետո, երբ երեխաներն իրենց հետ այն բերել են դպրոց, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով ոստիկանությանը:

Միջադեպը տեղի է ունեցել Հիլմենդ նահանգում, երբ երեխաները հայտնաբերել են չպայթած զինամթերք, այն բերել իրենց կրոնական դպրոց եւ սկսել խաղալ դրա հետ, ասվում է նահանգի ոստիկանության պետի հայտարարության մեջ։

Ոստիկանության հաղորդագրության համաձայն՝ երեխաները եղել են 7-14 տարեկան, եւս երեքը վիրավորվել են։

Աֆղանստանը տառապում է տասնամյակների պատերազմից եւ շարունակում է մնալ չափազանց վտանգավոր երեխաների համար, որոնք հաճախ մետաղի ջարդոն են հավաքում, որպեսզի վաճառեն իրենց ընտանիքներին պահելու համար: Նրանցից շատերը սպանվում կամ հաշմանդամ են դառնում, երբ չպայթած զինամթերքը պայթում է:

Բժշկի խոսքով՝ շաբաթ օրը տեղի ունեցած պայթյունից տուժած երեխաներից երեքը անմիջապես մահացել են, իսկ մեկ աղջիկ ավելի ուշ մահացել է մայրաքաղաք Լաշկարգահայի հիվանդանոցում ստացած վերքերից: