Volkswagen Classic թանգարանային ստորաբաժանումն առաջին անգամ ցուցադրել է ութերորդ սերնդի Golf հեթչբեքի մրցարշավային տարբերակը։ Մեքենան գրեթե պատրաստ էր, բայց դիզելգեյթը խանգարել է այն սերիական արտադրության մեջ մտցնելուն, գրել է «Մոտոր»-ը։

Golf TCR մրցարշավային մեքենան Volkswagen Classic-ի պահուստներից ցուցադրել են Փենսիլվանիայի L'oe Show փառատոնում։ Ավտոշոուն նվիրված է Volkswagen, Audi, Porsche մեքենաներին եւ այլ բրենդների, որոնք մտնում են VW կոնցեռնի մեջ։ Ի տարբերություն Ավստրիայում Վյորթերզեե լճի լեգենդար հավաքի՝ ամերիկյան փառատոնն անցկացվում է ընդամենը երկրորդ անգամ։

Ութերորդ սերնդի մրցարշավային Golf-ը ստեղծվել է Հաննովերում, Volkswagen Motorsport-ի ստորաբաժանման կողմից։ Այն  պետք է փոխարիներ յոթերորդ սերնդի հաջողակ «Գոլֆին»։

Ութերորդ սերնդի մեքենայի սերիական արտադրությունը պետք է սկսվեր 2021թ., բայց 2020թ. դեկտեմբերին դիզելգեյթի արդյունքներով Volkswagen-ի մենեջմենթը որոշում ընդունեց դադարեցնել էլեկտրամեքենաների հետ կապ չունեցող մրցարշավային նախագծերը։

Բայց մրցարշավային «Գոլֆի» թեստային նմուշը պահպանվել է Volkswagen Classic-ի պահեստարանում։ Այդ մեքենայով փորձարկվել են ագրեգատներ մրցարշավի պայմաններում, ստուգել են շասիի կարգավորումները եւ մեքենայի էլեկտրոնիկան։ Քանի որ մեքենան մասնակցել է մրցարշավային խճուղիներում իրականացված մրցարշավներին, թափքը ծածկել են քողարկող թաղանթով՝ կամուֆլյաժով։