Թուրքիայի եւ Ֆրանսիայի արտգործնախարարներ Մեւլութ Չավուշօղլուն եւ Կատրին Կոլոննան քննարկել են իրավիճակը Հարավային Կովկասում։

«Անադոլու»-ի փոխանցմամբ՝ Անկարայում երկու նախարարների երկկողմ հանդիպմանը հաջորդած համատեղ մամուլի ասուլիսին Չավուշօղլուն նշել է, որ «Ղարաբաղում Ադրբեջանի հաղթանակից հետո մշտական ​​խաղաղության եւ կայունության հնարավորություն է ի հայտ եկել»։ Նա ընդգծել է այնպիսի գործընթացներին աջակցելու անհրաժեշտությունը, ինչպիսիք են Անկարայի ու Երեւանի եւ Բաքվի ու Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բանակցությունները։

Իր հերթին, Կոլոննան նշել է, որ Փարիզը ողջունում է «դրական աշխատանքը» Հարավային Կովկասում։ «Տարածաշրջանում շատ հաճելի եւ դրական միջավայր է ստեղծվում։ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ երկխոսությունը կարգավորվում եւ ընդլայնվում է»,- թուրքական գործակալությունը մեջբերում է ֆրանսիացի նախարարի խոսքերը։

Նշելով, որ կան բազմաթիվ ոլորտներ, որտեղ Փարիզի եւ Անկարայի դիրքորոշումները համընկնում են, նա ասել է, որ կողմերը շարունակում են աշխատել այդ հարցերի շուրջ։ «Մենք աշխատում ենք՝ այն հարցերի թիվն ավելացնելու համար, որոնց շուրջ համակարծիք ենք»: