Այսօր Ստեփանակերտում Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անունը կրող համար 2 հիմնական դպրոցի բակում տեղի է ունեցել լեգենդար հրամանատարի կիսանդրու բացման արարողությունը: «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ Արցախի հերոս, «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ Աշոտ Ղուլյանի կիսանդրին կանգնեցնելու մտահղացումն իրականություն է դարձել Արցախի Հանրապետության կառավարության և ավստրալահայ բարերար Շանթ Կրաջյանի համաֆինանսավորմամբ, ՀՅԴ նախաձեռնությամբ և Ստեփանակերտի քաղաքապետարանի աջակցությամբ:

Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամ, ԱՀ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Իշխանյանը պատմել է, որ հերոսի կիսանդրին կանգնեցնելու գաղափարը վաղուց էր հասունացել։ Դեռևս 2018 թվականին նման առաջարկություն էր ներկայացրել նաև Ա․ Ղուլյանի անվան դպրոցի տնօրենը։

«Այսօր Բեկորի կիսանդրու կողքին կանգնած են մեր փառապանծ բանակի զինվորներն ու նոր սերունդը։ Պատահահական չէ նաև, որ Աշոտի հայացքը սևեռված է դեպի Շուշին։

Այս ամենը մեծ խորհուրդ ունի առ այն, որ Աշոտ-Բեկորի գաղափարները դեռևս իրականանալիք են»,- ասել է Դ. Իշխանյանը: