Google-ը հոկտեմբերի 6-ին նոր սարքերի շնորհանդես կանցկացնի։ Ինչպես հայտնում է CNBC-ն, ընկերությունը կներկայացնի իր Pixel 7 եւ Pixel 7 Pro սմարթֆոնների նոր մոդելները, ինչպես նաեւ առաջին Pixel Watch խելացի ժամացույցը։ Ընկերությունը հայտնել է, որ բոլոր ապրանքները հասանելի կլինեն նույն օրը պատվիրելու համար:

Google-ը մայիսին Google I/O կոնֆերանսի ժամանակ ակնարկել էր հեռախոսների նոր մոդելների եւ ժամացույցի մասին, սակայն ոչ մի մանրամասնություն չէր հայտնել Pixel 7-ի կամ Pixel 7 Pro-ի նոր հնարավորությունների մասին: Փոխարենն ընկերությունը սահմանափակվել է թիզերային տեսանյութ եւ լուսանկարներ ցուցադրելով։ Այդպես է եղել նաեւ ժամացույցի դեպքում, որը նախատեսվում է թողարկել աշնանը, այն կներառի Fitbit-ի որոշ գործառույթներ:

Google-ը նաեւ կհայտարարի իր Nest արտադրանքի թարմացումների մասին։ Nest հատվածը ներառում է տնային բարձրախոսներ, ցանցային արտադրանքներ, թերմոստատներ, դռան զանգեր, անվտանգության տեսախցիկներ եւ այլն: