Մենք մշտական ​​կապի մեջ ենք Ձեզ հետ, պարբերաբար հանդիպումներ ենք ունենում եւ հեռախոսով զրուցում արդիական հարցերի շուրջ: Բայց, այնուամենայնիվ, այսօրվա անձնական հանդիպման ժամանակ կարեւոր եմ համարում հիշել, որ այս տարի մենք նշեցինք դիվանագիտական ​​հարաբերությունների 30-ամյակը եւ հիմնարար պայմանագրի ստորագրման 25-ամյակը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Արեւելյան տնտեսական ֆորումի շրջանակում ՀՀ վարչապետի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

«Մեր հարաբերությունները զարգանում են բոլոր ուղղություններով։ Մենք աշխատում ենք մեր կազմակերպություններում՝ եւ՛ տնտեսական կազմակերպությունում, եւ՛ ՀԱՊԿ-ում։ Մոտ ապագայում նախատեսում եք նաեւ մասնակցել ՇՀԿ-ի միջոցառումներին Ուզբեկստանում, որտեղ հնարավորություն կունենաք կրկին հանդիպել եւ զրուցել բոլոր գործընկերների հետ։

Ռուսաստանը վստահորեն առաջին տեղն է պահպանում Հայաստանի առեւտրատնտեսական գործընկերների շարքում։ Առեւտրաշրջանառությունն աճում է․ վերջին շրջանում այն աճել է 25-30 տոկոսով։

Մենք, իսկապես, նշում ենք Հայաստանում տնտեսական իրավիճակի կայունացումը։ Այս ուղղությամբ Ձեր կառավարությունը շատ բան է արել։

Իհարկե, ամենազգայուն հարցերից է Լեռնային Ղարաբաղի շուրջ անվտանգության իրավիճակը։

Մենք այս մասին անընդհատ խոսում ենք Ձեզ հետ, մշտական ​​կապի մեջ ենք։ Եվ ես ուրախ եմ, որ այսօր Վլադիվոստոկում տնտեսական ֆորումի շրջանակում կարող ենք խոսել այս բոլոր թեմաների շուրջ:

Շնորհակալ եմ հրավերն ընդունելու եւ Վլադիվոստոկում տնտեսական ֆորումին մասնակցելու համար»,-նշել է ՌԴ նախագահը։