NEWS.am-ի խմբագրությունը նամակ է ստացել «Մոնարխ» ընկերության ղեկավար Սերգեյ Համբարձումյանից։ Ստորեւ ներկայացնում ենք նամակն ամբողջությամբ.

«Հիմա Հայաստանում մեծ մասամբ հայրենասիրությունը խիստ եւ պոպուլիստաբար քննադատվում է։ Ընդ որում, քննադատները, որպես կանոն, վատ կրթված, անհաջողակ, իրենց մասին մեծ կարծիք ունեցող եւ բարձրագույն կրթության դիպլոմով մարդիկ են, որոնք համոզված են, որ կա միայն մեկ ճիշտ կարծիք եւ դա իրենց կարծիքն է։ Ցավոք, նրանց մեջ կան նաեւ կրթված մարդիկ։

Կուզեի նշել, որ Հայաստանում կան շատ հայրենասերներ, որոնք ամեն օր դա ապացուցում են՝ չհավակնելով գնահատականի ու գովեստի, հատկապես՝ սկսած 1988-ից մինչ այսօր, եւ նրանց մեծ մասը երիտասարդներ են։

Հատկապես պետք է նշեմ երիտասարդության հայրենասիրությունը, եւ ոչ միայն 44-օրյա պատերազմի ժամանակ։

Վերջին ժամանակներս Հայաստանի բարձր կրթվածությամբ, կուլտուրական, հաջողակ զավակներից մեկը՝ բարերար Ռուբեն Վարդանյանը, որոշել է տեղափոխվել ու ապրել Արցախում։ Նպատակը արցախցիներին ամեն կերպ աջակցելն ու նրանց սատարելն է՝ համայն հայությանն ուղղված կոչով՝ հնարավորինս շատ ներդրումներ կատարել Արցախում, պարտադիր չէ զուտ ֆինանսական։

Եթե չեք ուզում լսել նրա կոչերը, գոնե պարզապես լռեք, չէ որ քեզ կուլտուրական մարդ եք համարում։

Ռուբենն անում է այն, ինչ հուշում են նրա փորձը, գիտելիքները, հնարավորությունները, եւ կարեւորը՝ խիղճը։

Արցախում լավ տունը մոտ 40 000 ԱՄՆ դոլար արժե։ Խորհուրդ եմ տալիս աջակցել Արցախի ժողովրդին՝ տներ կառուցելու, փոքր բիզնես ստեղծելու, կրթության, գյուղատնտեսության, բժշկության հարցերում, եւ կարեւոր չէ Ռուբենի հիմնադրամի միջոցով, թե ոչ։

Սա հատկապես վերաբերում է ղարաբաղցիներին, որոնք վատ չեն ապրում Հայաստանում։

Գուցե Ռուբենի կոչը մեզ մի քիչ համախմբի, եւ մենք մի քիչ բարի դառնանք։

Շնորհակալություն, Ռուբեն ջան։

Դու երբեք կանխատեսելի չես եղել»: