Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 8-ի նիստում սահմանեց ավտոտրանսպորտային միջոցների շուկաներին ներկայացվող պահանջները:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ «Առեւտրի եւ ծառայությունների մասին» ՀՀ օրենքով սահմանվել է տրանսպորտային միջոցների շուկան որպես առևտրի իրականացման վայր, սակայն Օրենքով տվյալ տեսակի գործունեության համար այլ չափանիշներ չեն սահմանվել։ Օրենքի 5-րդ հոդվածի 11-րդ մասով այդ լիազորությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը։ Նախագիծը նախատեսում է կանոնակարգել տվյալ բնագավառում գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ պայմաններ:

Նախագծի նպատակն է սահմանել ավտոտրանսպորտային միջոցների շուկայի կազմակերպման համար անհրաժեշտ չափանիշներ, որոնք համապատասխանում են տվյալ ոլորտում գործող միջազգային լավագույն փորձին, գրավիչ դարձնել ԵԱՏՄ և այլ պետությունների քաղաքացիների համար ՀՀ տարածքում տրանսպորտային միջոցների ձեռք բերման գործընթացը:

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ շուկայի տարածքի համար սահմանվել է տարածքի չափը՝ 5 հեկտար. «Սահմանվել է, որ այնտեղ բազմաթիվ ծառայություններ պետք է լինեն, եւ ֆինանսական, եւ ոստիկանական, եւ մաքսային, որպեսզի այդ շուկայում հնարավոր լինի ոչ միայն մեքենան գնել ու վաճառել, այլ նաեւ մաքսազերծել այդ մեքենան: Հնարավոր լինի մեքենան գնելուց հետո տեղում հաշվառում իրկանացնել, պետհամարանիշները ստանալ: Նաեւ նշված է, որ պետք է շուկան համապատասխան պայմաններ ունենա սննդի կետերի առումով, հատուկ ավտոկայանատեղիներ պետք է սահմանվել այցելող քաղաքացիների համար: Սա մեր հարեւան Վրաստանի փորձին է նման»,-ասաց նախարարը: