Tesla Model Y-ը ճանաչվել է Ավստրալիայում վարելու համար ամենաանվտանգ մեքենան այն բանից հետո, երբ ռեկորդներ է սահմանել՝ օգնելով վարորդներին խուսափել բախումներից եւ ապահովելով նրանց անվտանգությունը նույնիսկ վթարի դեպքում, հայտնում է Dailymail-ը:

Էլեկտրամոբիլը ստացել է անվտանգության հինգ աստղանի վարկանիշ Ավստրալիայի նոր մեքենաների գնահատման ծրագրի (ANCAP) վերջին գնահատմամբ, որը ներառել է վթարի փորձարկման մի շարք թեստեր:

Tesla Model Y ավտոմեքենան փորձարկվել է երկու այլ էլեկտրամոբիլների` Kia Niro-ի եւ Genesis GV60-ի հետ միասին, որոնք նույնպես հինգ աստղ են ստացել:

Սակայն ANCAP-ի գնահատմամբ, Tesla Model Y-ը ամենաբարձր արդյունքն է ցուցաբերել բոլոր հիմնական ցուցանիշներով, ներառյալ մեծահասակների եւ երեխաների պաշտպանությունը, ճանապարհային երթեւեկության խոցելի մասնակիցների պաշտպանությունը եւ անվտանգության ապահովումը:

«Tesla Model Y-ը ցուցադրել է կատարողականության բարձր մակարդակ՝ այլ տրանսպորտային միջոցի, հետիոտնի կամ հեծանվորդի հետ բախումից խուսափելու ունակության շնորհիվ»,- ասվում է ANCAP-ի զեկույցում:

Արդյունքում մեքենան ստացել է 98 տոկոսային միավոր՝ անվտանգության միջոցառումների համար, եւ 97 տոկոսային միավոր՝ մեծահասակ ուղեւորների պաշտպանության համար: Սեդանի անվտանգության վարկանիշն ամենաբարձրն է եղել ANCAP-ի կողմից երբեւէ փորձարկված բոլոր մեքենաներից:

Tesla Model Y-ը հագեցած է տեսախցիկի վրա հիմնված՝ վարորդի մոնիտորինգի համակարգով, որը որոշում է, թե երբ է վարորդի ուշադրությունը շեղված: Հայտնաբերման դեպքում մեքենան «ավտոմատ կերպով մեծացնում է ճակատային բախման նախազգուշացման (FCW) համակարգի զգայունությունը՝ դարձնելով այն ավելի ռեակտիվ»: