ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը Մարդու իրավունքների հաջորդ գերագույն հանձնակատարի պաշտոնում կառաջադրի ավստրիացի Ֆոլքեր Թուրքիի թեկնածությունը, հայտնում է Reuters-ը։

Թուրքիին, որն այժմ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի քաղաքականության հարցերով տեղակալն է, կփոխարինի չիլիացի Միշել Բաչելետը, որի պաշտոնավարման ժամկետը լրացել է օգոստոսի 31-ին։ Այս նշանակումը պետք է հաստատի Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան։

Դիվանագետների խոսքով՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան, որը բաղկացած է 193 անդամներից, հավանաբար հինգշաբթի ավելի ուշ կհաստատի Թուրքիի նշանակումը:

Այս պաշտոնի մյուս թեկնածուների թվում էին Արգենտինայից պրոֆեսիոնալ դիվանագետ Ֆեդերիկո Վիլեգասը եւ Սենեգալից Ադամա Դիենգը, որը նախկինում Գուտերեշին խորհրդատվություն է տրամադրել ցեղասպանությունների կանխարգելման հարցերով:

Մարդու իրավունքների միջազգային ծառայության գործադիր տնօրեն Ֆիլ Լինչն ասել է, որ Թուրքիի ընտրության հարցում թափանցիկություն կամ խորհրդակցություն չի եղել անկախ քաղաքացիական հասարակության հետ:

«Գլխավոր քարտուղարը բաց է թողել հաջորդ Գերագույն հանձնակատարի լեգիտիմությունն ու վստահելիությունը ամրապնդելու առանցքային հնարավորությունը»,- ասել է նա:

Սովորաբար Գուտերեշը խորհրդակցում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների՝ Չինաստանի, Ֆրանսիայի, Ռուսաստանի, Մեծ Բրիտանիայի եւ Միացյալ Նահանգների հետ՝ նախքան գերագույն հանձնակատար ընտրելը: Հայտնի չէ, թե արվել է արդյոք դա Թուրքիի դեպքում։