Իսրայելի վարչապետ Յաիր Լապիդը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կարող են բանակցություններ վարել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կուլիսներում, հայտնում է Times of Israel-ը՝ հղում անելով հանրային Kan հեռարձակողին։

Թուրքիան եւ Իսրայելը փորձում են վերականգնել երկկողմ հարաբերությունները, որոնք փչացել են պաղեստինյան հիմնախնդրի եւ տարածաշրջանային խնդիրների շուրջ տարաձայնությունների, ինչպես նաեւ արեւելյան Միջերկրական ծովի էներգետիկ քաղաքականության պատճառով:

Անցյալ ամիս երկու երկրները լիովին վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։ Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը մարտին այցելել է Թուրքիա՝ սկսելով հարաբերությունների բարելավումը։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն մայիսին այցելել էր Իսրայել, իսկ Լապիդը Թուրքիա էր այցելել հունիսին, երբ արտգործնախարար էր՝ Չավուշօղլուի հետ բանակցությունների համար։ Այս աշնանը երկու երկրների կառավարությունները նախատեսում են խորհրդաժողով գումարել՝ նվիրված տնտեսությանը եւ առեւտրային հարաբերություններին։