ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ուզում է համոզվել, որ ԱՄՆ-ն «այլ հասանելի տարբերակներ» ունի Իրանի հարցում, որպեսզի երաշխավորի, որ Իրանը միջուկային զենք չի ստանա, եթե 2015 թվականի միջուկային գործարքը վերսկսելու ջանքերն ապարդյուն լինեն: Այս մասին հայտարարել է ազգային անվտանգության ներկայացուցիչ Ջոն Քիրբին։

Նրա խոսքով՝ Վաշինգտոնը կշարունակի ակտիվորեն պնդել համաձայնագրի վերականգման համար, սակայն նրա համբերությունը «հավերժ չէ»։

«Թեեւ նախագահը խրախուսել եւ առաջ է մղել դիվանագիտական ուղին, նա ասել է իր վարչակազմին, որ ցանկանում է համոզվել, որ մենք ունենք հասանելի այլ տարբերակներ՝ հնարավոր տեւական արդյունքի հասնելու համար, որ Իրանը միջուկային զենքի հնարավորություն չունենա»,- ասել է Քիրբին: