«Իսլամական պետություն» խմբավորման ստորաբաժանման զինյալներն այս շաբաթ Մալիում մոտ 30 խաղաղ բնակչի են սպանել՝ Բուրկինա Ֆասոյին եւ Նիգերին սահմանակից քաղաքներից մեկի վրա հարձակման հետեւանքով, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով կառավարամետ աշխարհազորայինների կոալիցիային:

Կոալիցիան, որը հայտնի է որպես «Պլատֆորմ», հայտարարել է, որ մի քանի հարյուր գրոհայիններ հարձակվել են իր զինվորների վրա եւ ստիպել նրանց նահանջել երեքշաբթի օրը Գաո շրջանում՝ Թալաթայեի մոտ, որը վաղուց ջիհադիստների եւ աշխարհազորայինների բռնությունների թեժ կետ է:

Բացի տեղի բնակիչների վրա հարձակվելուց, գրոհայինները թալանել են խանութները եւ այրել սննդի պաշարները, տեղեկացնում է «Պլատֆորմ»-ի առցանց հայտարարությունը՝ հավելելով, որ իրենց երեք մարտիկները նույնպես սպանվել են:

««Պլատֆորմ»-ի կողմից ուղարկված ուժերը հասել են քաղաք», որտեղ հայտնաբերել են կոտորածը, ինչպես նաեւ հարյուրավոր կանանց եւ երեխաների, որոնք երկու օր շարունակ թափառել են քաղաքում առանց սննդի»,- ասվում է հայտարարության մեջ։

Ենթադրյալ հարձակման համար պատասխանատվության հայտարարություն դեռեւս չի եղել:

Մարտին Մալիում ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերը մտահոգություն են հայտնել կենտրոնական Մալիի նույն տարածքում անվտանգության իրավիճակի վատթարացման կապակցությամբ՝ հայտարարելով, որ հարյուրավոր խաղաղ բնակիչներ են զոհվել «Իսլամական պետության» ստորաբաժանման կողմից իրականացվող հարձակումների ժամանակ:

Մալիում անկայունություն է տիրում 2012 թվականից, երբ իսլամիստները ճնշեցին երկրի հյուսիսում էթնիկ տուարեգների ապստամբությունը: Այդ ժամանակվանից դրանք տարածվել են արեւմտաաֆրիկյան Սահալում` սպանելով հազարավոր մարդկանց եւ բռնի տեղահանելով ավելի քան 2 միլիոն մարդու Մալիում, Բուրկինա Ֆասոյում եւ Նիգերում: