Կիրակի օրը 7,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պապուա-Նոր Գվինեայում՝ վնասելով շենքեր, առաջ բերելով սողանքներ. զոհվել է առնվազն մեկ հոգի, եւս մի քանի մարդ լուրջ վնասվածքներ է ստացել, տեղեկացրել է AFP-ն։

Էպիկենտրոնից ոչ հեռու գտնվող հյուսիսային քաղաքների բնակիչները տեղեկացրել են ուժեղ ցնցումների մասին։

Խորհրդարանի անդամ Քեսի Սավանգը տեղեկացրել է, որ Մատոկո լեռնային գյուղում մի մարդ մնացել է սողանքի տակ եւ զոհվել է, եւս մի քանի հոգի լուրջ վնասվածքներ են ստացել եւ օդով տեղափոխվել հիվանդանոց։

Նա պատմել է, որ Ֆինիստերի լեռնաշղթայի մոտ գտնվող եւ մի քանի մերձափնյա գյուղերին լուրջ վնաս է հասցվել, եւ նա մտավախություն  ունի, որ տեղեկություններ կստացվեն «նոր վնասվածքների եւ նոր զոհերի մասին»։

Երկրաշարժը զգացվել է անգամ մայրաքաղաք Պորտ Մորսբիում, որը գտնվում է 480 կիլոմետր հեռու։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը սկզբում նախազգուշացրել էր ցունամիի մասին, բայց հետո հայտարարել է, որ «սպառնալիքն արդեն անցել է»։

Երկրաշարժը տեղի է ունեցել 61 կիլոմետր խորության վրա, Քայնանտու քաղաքից 67 կիլոմետր հեռու։

Պապուա-Նոր Գվինեան գտնվում է խաղաղօվկիանոսյան «Հրո օղակում», ուստի այստեղ հաճախ են երկրաշարժներ տեղի ունենում։

Հարեւան Ինդոնեզիայում 2004թ. 9,1 մագնիտուդով երկրաշարժը ցունամի էր առաջ բերել, որի հետեւանքով զոհվել է 220 000 մարդ ամբողջ տարածաշրջանում, այդ թվում մոտ 170 000-ն Ինդոնեզիայում։

ԱՄՆ երկրաբանական ծառայությունը տեղեկացրել է նաեւ երկու ուժեղ երկրաշարժի մասին հեռավոր Մենթավայան կղզիներում, որոնք գտնվում են ինդոնեզական Սումատրա կղզու արեւմտյան ափին։

Տեղի ժամանակով ժամը 6.10-ին 6,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել 20 կիլոմետր խորությամբ, մի քանի րոպե հետո դրան հաջորդել է 5,7 մագնիտուդով երկրաշարժ 10 կիլոմետր խորությամբ։

Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել, բայց ցնցումները Մենթավայ կղզու բնակիչներին ստիպել են փախչել տարհանման կենտրոններ, որոնք անցած շաբաթ ստեղծվել էին մեկ այլ երկրաշարժից հետո։

Երկրաշարժն զգացվել է նաեւ Արեւմտյան Սումատրա նահանգի մայրաքաղաք Պադանգում, որի բնակիչները հեռացել են իրենց տներից, երբ երկրաշարժը ցնցել է շենքերը։